Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Քաբուլին հորդորում է չշեղվել թալիբների հետ խաղաղության ծրագրից


Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադ, Քաբուլ, 28-ը հունվարի, 2019թ.
Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադ, Քաբուլ, 28-ը հունվարի, 2019թ.

Միացյալ Նահանգներն «Իսլամական պետություն» կառույցի զինյալներին է մեղադրել Աֆղանստանում այս շաբաթ տեղի ունեցած արյունալի ահաբեկչական գրոհների համար:

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադը կառավարությանը կոչ է արել չշեղվել «Թալիբան»-ի հետ խաղաղություն կնքելու ծրագրից:

Նա Twitter-ում գրել է, թե «Քաբուլում ծննդատան վրա և Նանգահարի նահանգում սգո արարողության մասնակիցների վրա հրեշավոր հարձակումները կատարել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները»:

Այդ ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 56 մարդ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին բանակին հրամայել է պաշտպանական գործողություններից անցնել ակտիվ հարձակումների և կասեցնել թալիբների և զինյալ այլ կառույցների գրոհները:

Խալիզադն ասել է, թե «Իսլամական պետության» նպատակն է «խափանել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև խաղաղություն կնքելու հնարավորությունը և հրահրել միջկրոնական այնպիսի պատերազմ, որն արդեն մոլեգնում է Իրաքում և Սիրիայում»:

«Այդ ծուղակն ընկնելու փոխարեն Աֆղանստանի ժողովուրդը պետք է միավորվի, վճռական հարված տա չարիքին և օգտագործի խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը»,- Twitter-ում գրել է Զալմայ Խալիզադը:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Վաշինգտոնի այդ մոտեցումը թույլ կտա վերականգնել բանակցային գործընթացը, կամ արդյոք նախագահ Ղանին կվերանայի հարձակողական ռազմավարության անցնելու որոշումը:

XS
SM
MD
LG