Մատչելիության հղումներ

Արցախում ուրվագծվում է նոր իշխանության կազմը


ԼՂ խորհրդարանի նախագահի թեկնածու Արթուր Թովմասյան

Մինչև մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի երդմնակալությունը արդեն ուրվագծվում է նոր իշխանության կազմը։

Այսօր Շուշիում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված 6 քաղաքական ուժերի համատեղ նիստը, որտեղ քվեարկել ու որոշել են, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու են Արթուր Թովմասյանին, ով այժմ գործող խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Հայրենիքի» ղեկավարն է։

«Թեկնածուների անուններ շատ կար, մի տասնհինգ հոգի։ Դուք գիտեք, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը դաշինքի հետ միասին մտել է խորհրդարան՝ 16 պատգամավոր։ Արթուր Հարությունյանից բացի, որը երկրի նախագահի հորեղբոր տղան է, մնացած 15 թեկնածուների միջև ձայներն այդպես բաշխվեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Թովմասյանը։

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Բաղդասարայնի խոսքով, Արցախի քաղաքական կյանքում աննախադեպ է, երբ բարձրաստիճան պաշտոնյայի թեկնածուն ընտրվում է դաշինքի անդամների կողմից փակ գաղտնի քվեարկությամբ․ - «Առավելագույն ձայն ստացած թեկնածուն կառաջադրվի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում մեր քաղաքական թիմի կողմից։ Իսկ ըստ հերթականության մյուս թեկնածուներին նախապատվությունը կտրվի մշտական հանձնաժողովների ձևավորման ժամանակ ղեկավար պաշտոնների համար առաջադրվել»։

Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր նաև տեղեկացրել է, որ իրենց դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ Կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ Քաղաքաշինության նախարար: Կաբինետի կառուցվածքի մասին այլ տեղեկություններ այսօր չեն հայտնել։

Կուսակցության խոսնակն ասում է․ - «Կարեն Դանիելյանը իրավաբան է, նախկինում զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Արամ Սարգսյանը գործող խորհրդարանի պատգամավոր է, իսկ Լուսինե Ղարախանյանը կրկին երիտասարդ է, բայց արդեն երկար տարիների աշխատանքի փորձ ունի Կրթության նախարարությունում»։

Արցախի խորհդարանական ընտրություններում հաղթած դաշինքի՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կարելի է ասել Արցախում ընտրություններից հետո իշխանափոխություն է տեղի ունեցել։ Ինքը Թովմասյանը, ինչպես նշեցինք, այժմ ամենամեծ խմբակցության ղեկավարն, իսկ շուտով կարող է դառնալ Ազգային ժողովի նախագահ։

«Այո, ընտրությունների միջոցով Արցախում փոխվել է իշխանություն», - արձագանքեց նա։

Ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանն հիշեցնում է, որ թեև իրենց կուսակցությունը հիմա էլ աշխատանքն ավարտող, բայց դեռ գործող խորհրդարանում մեծամասնություն ունի, բայց իրենց չէր պատկանում ԱԺ նախագահի աթոռը․ - «Ամենաշատ ձայնը ստացել էր «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, բայց խորհրդարանը ղեկավարում էր բոլորովին այլ կուսակցության ղեկավար։ Ես կարծում եմ, որ այս առումով ինչ-որ տեղ կարելի է համարել, որ արդարությունը վերականգնվում է։ Եթե, իհարկե, կարելի է այդպես ասել, որովհետև այնպես չէ, որ այն ժամանակ անարդար է եղել»։

Արցախում 2016 թվականին դաժան ծեծի էր ենթարկվել խորհդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, որին առևանգել էին հենց Ազգային ժողովի հարակից տարածքից, նստեցրել մեքենա, տարել Խնածաղ գյուղ և այնտեղ ծեծել։ Ավելի ուշ հարուցված քրգործը կարճվել էր։

Արցախի նոր խորհդարանի նախագահի թեկնածու Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե կարող է արդյոք բացառել բռնության նման դեպքեր արդեն նոր գումարման խորհրդարանի ընդդիմադիրների նկատմամբ։

«Կաշխատենք դա բացառել», - արձագանքեց նա՝ շարունակելով․ - «Տեսնում եք, նաև Հայաստանի Հանրապետությունում, տարածաշրջանի բոլոր պետություններում էլ էդպիսի միջադեպեր լինում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG