Մատչելիության հղումներ

Ոստիկանության նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել շուրջ 18 մլն դրամի գույքի վատնման համար


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 դրամ արժողությամբ գույքի վատնում, հայտնում են ՀՔԾ-ից:

Ըստ առաջադրված մեղադրանքի` ոստիկանության տնտեսական վարչության հաշվեկշռում գտնվող և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ամրակցված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների մի մասը, մինչ գնահատման նպատակով ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը, տեղափոխվել է ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք և հանձնվել ավտոտնտեսության աշխատակիցներին: 2017թ.-ի ընթացքում ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից շահագործված, ոչ պիտանի ճանաչված «Տոյոտա Կորոլա» մակնիշի մի շարք ավտոմեքենաներ:

Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով «Տոյոտա Կորոլա» մակնիշի հիշյալ տրանսպորտային միջոցներից ապամոնտաժել է շուրջ 2.744.000 դրամ արժեքի տարբեր դետալներ և հանգույցներ:

Բացի այդ, ինչպես տեղեկացնում են ՀՔԾ-ից, 2017-2018թթ. ընթացքում նույն նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաև ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ Եղեգնաձորի, Տաշիրի, Սիսիանի և Կումայրիի բաժիններին ամրակցված՝ չշահագործվող «Ուրալ ԻՄԶ-8» մակնիշի 7 մոտոցիկլետներ, որոնք մինչ գնահատման նպատակով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ հանձնելը, պահվել ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածքում: Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաև առանց սահմանված կարգով գնահատում և փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով ապամոնտաժել է բոլոր մոտոցիկլետները, դրանցից առանձնացրել հիմնական պահեստամասերը, այնուհետև տրանսպորտային միջոցները հիշյալ ապրանքային վիճակով գնահատման նպատակով հանձնել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի հետևանքով շուրջ 16,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ յոթ մոտոցիկլետները գնահատվել են շուկայականից անհամեմատ էժան՝ ընդհանուր 560,000 դրամ արժեքով:

Տրանսպորտային միջոցների գնահատումից հետո, ՀՔԾ հաղորդագրության համաձայն, Ս. Բարսեղյանը հանձնարարել և միջնորդավորված եղանակով՝ իր ղեկավարած ստորաբաժանման երկու աշխատակիցների միջոցով մասնակցելով աճուրդին՝ գնահատված արժեքներով ձեռք է բերել 7 մոտոցիկլետներ: Այնուհետև ձեռքբերված մոտոցիկլետները տեղափոխվել են ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք, որտեղ նրա հանձնարարությամբ դրանք համալրվել են նախկինում ապամոնտաժված դետալներով և օտարվել տարբեր անձանց:

Երեկ Բարսեղյանը ՀՔԾ քննիչի կողմից ձերբակալվել է: Այսօր միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG