Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 4,3 միլիոնին, բուժվել է շուրջ 1,5 միլիոն, մահացել՝ 262 հազար մարդ


Ռուսաստան - Մերձմոսկովյան հիվանդանոցներից մեկում բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, 12-ը մայիսի, 2020թ.

Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 4 միլիոն 260 հազարը, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 292 հազարին, բուժվել է շուրջ մեկուկես միլիոն մարդ, վկայում են Միացյալ Նահանգների Ջոն Հոփքինս համալսարանի հրապարակած տվյալները:

Հիվանդության դեմ պատվաստանյութ և դեղամիջոց դեռ գոյություն չունեն:

Covid-19 ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նրա կինը` նախկին գեղասահորդուհի Տատյանա Նավկան: Լրագրողների հաշվարկներով՝ վերջին անգամ խոսնակը Վլադիմիր Պուտինի հետ շփվել է ապրիլի 30-ին, բայց ինքը Պեսկովն ասում է, որ նախագահին չի տեսել ավելի քան մեկ ամիս:

Կորոնավիրուսով հիվանդ է նաև Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Նա իր կաբինետում է բուժվում:

Մայիսի 3-ից Ռուսաստանում ամեն օր հայտնաբերվում է Covid-19-ի 10 հազարից ավելի նոր դեպք: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սկսել է գործել պարտադիր դիմակ և ձեռնոց կրելու ռեժիմը: Ջոն Հոփքինս համալսարանի տվյալներով՝ Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երկրորդն է:

Ֆրանսիայում երկրորդ օրն է՝ COVID-19-ից մահվան դեպքերի թիվն աճում է: Անցած մեկ օրվա ընթացքում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 708 նոր դեպք և 348 մահ: Այնուամենայնիվ, այս վարակով հոսպիտալացված հիվանդների թիվը, ինչպես նաև ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը Ֆրանսիայում շարունակում է նվազել:

Բելառուսում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված մոտ 25 հազար մարդ, ակտիվորեն պատրաստվում են օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններին: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անսպասելի մրցակից ունի. Վալերի Ցեպկալոն պրոֆեսիոնալ դիվանագետ է, իրավական գիտությունների թեկնածու, Բարձր տեխնոլոգիաների պարկի հիմնադիր:

Լուկաշենկոն հայտարարել է Հաղթանակի շքերթների բուժիչ հատկությունների մասին: Ըստ նրա՝ մայիսի 9-ից հետո երկրում թոքաբորբով հիվանդների թիվը կիսով չափ կրճատվել է:

Ամբողջ աշխարհում գործարարները նույն խնդիրներն ունեն՝ հաճախորդներ չկան, իսկ պետության կողմից օգնություն ոչ բոլորն են ստանում: Օրինակ, Լատվիայի պաշտպանության նախկին նախարարի կինը, ով քաղաքականությունից հեռանալուց հետո Ռիգայում հյուրանոց է բացել, պետական օգնություն չի ստացել և այսօր անձամբ է սուրճ եփում հատուկենտ այցելուների համար:

XS
SM
MD
LG