Մատչելիության հղումներ

Դատարանը վաղը կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Երևանի ընդհանուր իրավության դատարանը վաղը կհրապարակի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Մինչ այդ, Քոչարյանի գրասենյակն այսօր տեղեկացրեց, որ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը վիրահատվել է, այն անցել է ըստ ծրագրվածի, Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, երկրորդ նախագահը բժիշկների մշտական հսկողության ներքո է, ասված է հայտարարության մեջ։

Մարտի 1-ի իրադարձությունների տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կարծում է՝ պատահական չէ, որ Քոչարյանը վիրահատվել է խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից մեկ օր առաջ։

«Դատարան ներկայացված փաստաթղթերից բացարձակապես չէր բխում, որ Ռոբերտ Քոչարյանին վիրահատելու հարկ կա, և ընդհանրապես այդ վիրահատությունը, կարծում եմ, ընտրվել է այսօր, որպեսզի դատարանի վրա նաև այս կարգի ճնշումներ գործադրվեն, որ «տեսեք վիճակն այնքան է բարդ, որ վիրահատված մարդուն, 60-ն անց, անպայմանորեն ուզում են կալանքի տակ պահել»: Իմ կարծիքով՝ դատարանը պետք է էս հանգամանքը չարժևորի», - ասաց Սեդա Սաֆարյանը:

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հակադարձում է՝ առանց բժշկական ցուցումների անձին չեն վիրահատում: Իսկ թե ի՞նչ որոշում կընդունի դատարանը վաղը, երկրորդ նախագահի պաշտպանները դրական ակնկալիք ունեն։

«Որևէ փաստարկ չլսեցի հակառակ կողմից միջնորդության դեմ, ընդհանրական դատողություններ էին ու ոչ մի հիմնավորում չկար: Ներկայացված մի քանի հիմքերը, այդ թվում՝ խափանման միջոցի հիմքերի բացակայությունը, երաշխավորների երաշխավորության բարձր արժեքը, դրան ավելացրած նաև համաճարակային իրավիճակը, այս փաստարկներից յուրաքանչյուրն առանձին հերիք է խափանման միջոցի միջնորդությունը բավարարելու համար», - նշեց Խուդոյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ոչ մի իրավական հիմք չկա, համոզված է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Իրենք մնում են նույն դիրքորոշմանը՝ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելու դեպքում կարող է խոչընդոտել դատաքննությանը և ազդել վկաների վրա։

«Այս պահի դրությամբ մենք չունենք որևէ նման հանգամանք, որը կհուշեր, որ վերացել է նախկին դատական ատյանների, դատարանների կողմից տրված գնահատականները: Եթե հիմա անմիջականորեն չի դա արվում, միջնորդավորված ձևով է արվում, ապա դատարանը չի կարող ռիսկային իրավիճակ ստեղծել տուժողների և վկաների համար և Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տալ, դրսում մնալով, արդարադատությանը խոչընդոտելու գործողություններ կատարել», - ասաց Սաֆարյանը:

«Մեզ համար ավելի կարևոր է դատախազության դիրքորոշումը, որովհետև, ըստ էության, գործով օպոնենտները դատախազներն են, վերջիններս որևէ փաստարկված տվյալ չեն ներկայացրել, իրենք են դատարանում ընդունել, որ որևէ դեպք չի գրանցվել խոչընդոտելու երբևէ, և դատարանն էլ իր հերթին արձանագրել էր, որ խուսափելու հիմք առկա չէ», - ընդգծեց Խուդոյանը:

Բացի նախկին վարչապետների միջնորդությունից, երկու միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դրանցից մեկը իրենց պաշտպանյալի առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխելու, մյուսը՝ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին է։

Երկրորդ նախագահի խափանման միջոցը վերջին անգամ փոխվել էր անցած տարվա մայիսին, երբ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և գործող նախագահ Բակո Սահակյանը, սակայն Վերաքննիչ դատարանն ավելի ուշ՝ հունիսի 25-ին բեկանել էր այդ որոշումը, և Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել էր։

XS
SM
MD
LG