Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբաններն այսօր դիմել են դատարան` խնդրելով անհապաղ նիստ հրավիրել


Armenia-Hearings of the RA second president Robert Kocharian's case took place at the First Instance Court of Shengavit Administrative District,Yerevan,4Feb,2020

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով անհապաղ նիստ հրավիրել՝ քննարկելու երկրորդ նախագահին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու հարցը։ Դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին և Բարձրագույն դատական խորհրդին՝ պնդելով՝ խախտվում են երկրորդ նախագահի իրավունքները։

Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի, և այդ պատճառով անցած երեքշաբթի դատական նիստը չէր կայացել։ Քոչարյանի փաստաբաններն օրեր առաջ դիմել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով այս միջնորդության հարցի քննությունը մակագրել այլ դատավորի, սակայն Արթուր Մկրտչյանը մերժել է նրանց դիմումը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից «Ազատությանը» փոխանցեցին՝ դատարանի նախագահը նշել է, որ այս գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում, և դրա հետ կապված հարցերը պետք է քննի հենց այս դատավորը։

Այսօր լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝ դատարանները պետք է անհապաղ քննեն քաղաքացու ազատության հարցը. - «Բայց Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքներից ինչ-որ մեկը խախտվել է, ապա ինքը պիտի ունենա արդյունավետ պաշտպանության միջոց, օրինակ` եթե առաջին ատյանի դատարանը չի քննում խափանման միջոցի հետ կապված միջնորդությունը, այստեղ մենք արդեն սկսում ենք պնդել, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն է խախտվում` այդ չքննելով: Հետևաբար պետությունը մեզ այդ խախտումից պիտի տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց, որը միակը Վերաքննիչ դատարանն է»:

Արդյո՞ք օրենքը հնարավորություն է տալիս գործին առնչվող որևէ հարց փոխանցել այլ դատավորի, «Ազատության» հարցին պաշտոնաթող նախագահի փաստաբանն ասաց՝ օրենսդրությունը նման կարգավորումներ չունի. - «Բայց Եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե որևէ անձի կոնվենցիոն իրավունք խախտվել է, կամ առնվազն ինքը պնդում է, որ այդպիսի իրավունք է խախտվել, պետությունը իրեն պարտավոր է տալ արդյունավետ պաշտպանության միջոց, հետևաբար եթե մենք պնդում ենք, որ առաջին ատյանի դատարանը, միջնորդությունը չքննելով, խախտում է պարոն Քոչարյանի իրավունքը, պիտի լինի մի ատյան, որը քննարկի այն հարցը, թե արդյո՞ք առաջին ատյանի դատարանը դրանով չի խախտում»:

«Ազատության» հարցին` եթե անգամ իրենց պաշտպանյալի ազատ արձակման հարցի քննությունը մակագրվի մեկ այլ դատավորի, արդյո՞ք այդ հարցը անհապաղ կքննվի՝ հաշվի առնելով այն, որ նոր դատավորին անծանոթ են գործի մանրամասները, փաստաբան Ալումյանը պատասխանեց. - «Եթե մենք վիճարկելու լինեինք խափանման միջոցն այն հիմքով, որ առկա չէ հիմնավոր կասկած, այն ժամանակ, իհարկե, այս դատավորը պիտի այդ 84 հատորն էլ ուսումնասիրեր, հետո նոր մի հատ նիստ աներ, որպեսզի ասեր` առկա է հիմնավոր կասկած, թե չէ, որովհետև հիմնավոր կասկածի առկայությունը կալանավորման պայմաններից մեկն է: Բայց եթե մենք չենք քննարկում հիմա` հիմնավոր կասկած կա, թե չկա, դատարանն էլ արդեն` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ի դեպ ասեմ, որ ֆիքսել է իր դատական որոշման մեջ, որ թաքնվելու հավանականություն էլ չկա, ինքն արդեն դա ֆիքսել է և նշել է, որ խոչընդոտելու հավանականությունը թեև նվազել է, սակայն կա: Մենք ասել ենք` առկա այս պայմաններում որպես ելակետ ընդունելով այս հանգամանքները` ընդամենը քննության առարկա ենք ուզում դարձնել հետևյալ հանգամանքը. այ այս հնարավոր ռիսկերը կարո՞ղ են զսպվել 4 վարչապետների անձնական երաշխավորությամբ, թե ոչ»:

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ երկու անգամ բացակայելը բավարար չէ հարցի քննարկումը այլ դատավորի փոխանցելու համար. - «Դատավորի առողջական պատճառներով պայմանավորված նիստի հետաձգումը չեմ կարծում, որ բավարար հիմք է պնդելու, որ գործի ողջամիտ ժամկետում իրավունքի խախտում է առկա, պետք է հաշվի առնվեն բազմաթիվ հանգամանքներ, որոնք կոնկրետ այս գործի հետ կապված, իմ գնահատմամբ, թույլ չեն տալիս ողջամիտ ժամկետում քննության իրավունքի մասին խոսել` երկու նիստի հետաձգման հետ կապված»:

2018-ի հունիսի 25-ից կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ից կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց։ Նա բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Բժիշկներին դիմելու պատճառը երկրորդ նախագահի արյան ճնշման կտրուկ տատանումը և ինքնազգացողության վատացումն էր։ Հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երկրորդ նախագահը դեռևս բուժման փուլում է, վիճակը կայուն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG