Մատչելիության հղումներ

ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան


Ազգային ժողովն այսօր 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է, որի նպատակն է կանխարգելել երեխայի սեռական շահագործումը կամ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերին։

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է դեռ 2010 թվականին: ​Փաստաթղթին միացած պետությունները պարտավորվում են ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նշում է․ - «Մենք կարևորում ենք կոնվենցիայի վավերացումը, որով իսկ կարծում ենք հստակ ազդակ ենք հղում ամբողջ աշխարհին առ այն, թե կանխագրելման, հետապնդման, իրավական ու սոցիալական պաշտպանության ինչ նշաձող ենք մենք սահմանում երեխաների նկատմամբ սեռական բռնության և սեռական շահագործման հարցերում»։

Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ թեև կոնվենցիայում կան դրույթներ, որոնք հույս են տալիս, որ Հայաստում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, բայց փաստաթղթում կան նաև դրույթներ, որոնք «ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը»․ - «Կոնվենցիան չի բխում Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության իրական շահերից, երեխայի լավագույն շահերից»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց՝ պնդելով, թե կոնվենցիան բխում է երեխաների շահերից. - «Այս կոնվենցիան մանկապղծության դեմ կոնվենցիա է, որը կանխելու է մանկապղծությունը Հայաստանի Հանրապետությունում»։

Գևորգ Պետրոսյանը դեռ անցած շաբաթ՝ նախագծի քննարկման ժամանակ, կոնվենցիայի 6-րդ հոդվածն էր մեջբերել՝ «Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է օրենդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ», և պնդել, թե այս դրույթը վտանգավոր է․ - «Քրեական օրենսգիրքը լրացումների, փոփոխությունների ենթարկելու փոխարեն մենք վավերացնենք մի կոնվենցիա, որի դրույթները սպառնում են․․․ ի՞նչ ա նշանակում տարրական կրթություն ստացող, առաջինից չորրորդ դասարանները համարվում ա տարրական կրթություն։ Էդ հեքիաթից ու կաթից նոր կտրված էրեխուն էլ ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանվելը սովորցնե՞նք»։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր անդրադառնալով այս կոնվենցիային ասաց, որ Հայաստան արձանագրվում են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում։ Օմբուդսմենի փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի 47 պետությունների թվում միայն Հայաստանը և Իռլանդիան դեռ չեն վավերացրել կոնվեցիան։ Թաթոյանը հույս հայտնեց, որ այն կնպաստի հատկապես քրեական գործերով մեխանիզմների կատարելագործմանը․ - «Սեռական բռնություն է գործադրվում օտար մարդկանց կողմից, չափահաս մարդկանց կողմից։ Սեռական բռնության դեպքեր ունենք և կոնկրետ իրավիճակներ, երբ ընտանիքի անդամի կողմից է գործադրվում։ Այստեղ պետք է մոտենալ երեխայի շահի առաջնահերթության և երեխայի շահի պաշտպանության կարևորությունից»։

Օմբուդսմենը նկատեց նաև, որ այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ Կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս ոլորտում հնարավորություն կնձեռվի մի շարք բացեր լրացնելու։ Մի քանի օրինակներ, թե ինչ կտա այս կոնվենցիան Հայաստանին․ - «Կտա մեզ վերջապես համընդհանուր, բոլոր պետական կառույցների գիտակցումը և հասկացումը սեռական բռնության հիմնախնդրի, հասկացումը, թե ինչ կարա ապրի և ինչ հոգեբանական հետևանքներ կարա ունենա անձը՝ ենթարկվելով սեռական բռնության։ Բոլոր կառույցները վերջապես կունենան ճիշտ մոտեցում, ճիշտ աշխատանքի ձև սեռական բռնության ենթարկված երեխաների հետ։ Նախատեսվում ա իհարկե ավելի լայն իրազեկումներ, իսկ դա ենթադրում է, որ պետք ա բոլոր կառույցները ունենան իրանց ներդրումը, այսինքն դպրոցը՝ իրա իրազեկման աշխատանքներով, ծնողի ներգրավվածություն նաև»։

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նախագծի քննարկմանը ներկայացրել էր վերջին 3 տարվա ազգային վիճակագրությունը: 2017-ին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 գործ, որոնցից 101-ը եղել են սեռական բնույթի: 2018-ին քննված գործերի քանակը եղել է 317, որոնցից 76-ն են եղել սեռական բնույթի: Իսկ 2019-ի միայն առաջին կիսամյակի տվյալներով, 209 քրեական գործ է եղել, որից 51-ն են եղել սեռական բնույթի գործեր:

XS
SM
MD
LG