Շուրջ կես տարի է անցել, ինչ քրեական գործ է հարուցվել երևանաբնակ Խաչատուր Միքայելյանի կորած անձնագրի և այդ փաստաթղթով միլիոնավոր դրամների վարկեր ձևակերպելու դեպքի առնչությամբ, սակայն Քննչական կոմիտեում դեռ քննում են գործը, իսկ «Էվոկաբանկ»-ը, «Յունիբանկ»-ը, ինչպես նաև «Մոգո» և «Վարկս Էյ Էմ»-ի իրավահաջորդ կազմակերպությունը, ինչպես պնդում է տուժող Միքայելյանը, տակավին պահանջում են մարել վարկերը՝ նրան ներառելով, այսպես կոչված, «սև ցուցակում», ինչի հետևանքով Խաչատուր Միքայելյանը չի կարողանում վարկեր ստանալ՝ սեփական գործը կազմակերպելու համար։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Ռիմա Եգանյանն «Ազատությանն» այսօր փոխանցեց. «Քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ, 2020 թվականի հունվարի 23-ին տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»:
«Ազատության» հետ զրույցում Խաչատուր Միքայելյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ մոտ կես տարի է անցել, չնայած ինքը տրամադրել է կասկածյալի լուսանկարը, անուն-ազգանունը, գրանցման հասցեն, նրա վարած տաքսիի պետհամարանիշը (անձնագիրն ու դրամապանակը Խաչատուրը թողել է տաքսիում), սակայն գործը դեռ դատարան չի մտել։
«Այս պահի դրությամբ կա հարուցված քրեական գործ, ունեմ տուժածի կարգավիճակ: Այն անձը, որը այդ գործողությունները կատարել է, ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց ոչ ամբողջ գումարի չափով՝ որոշակի մասով գումարի: Այս պահի դրությամբ ինքն ազատության մեջ է, և քրեական գործը քննիչի մոտ է», - ասաց Միքայելյանը:
«Ազատության» հարցին՝ ինչն են ընտրել որպես խափանման միջոց, Խաչատուր Միքայելյանը պատասխանեց. «Ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց կա»:
Իսկ թե ի՞նչ գումարի չափով է նրան մեղադրանք առաջադրվել, Միքայելյանն արձագանքեց. «Մոտ 2,5 միլիոն դրամ էր, մեղադրանք է առաջադրված մոտ միլիոն 600 քանի հազարի մասով, մնացած մասով դեռևս նյութեր են նախապատրաստվում»:
Խաչատուր Միքայելյանն ընդգծեց՝ փաստորեն, հայաստանյան ֆինանսական հաստատություններում վարկեր են ձևակերպում՝ անգամ ուշադրություն չդարձնելով անձնագրի լուսանկարին ու ստորագրությանը։
Թե ինչպե՞ս է նման տարբերակը ընդհանրապես հնարավոր և ի՞նչ է արվում հետագայում նման դեպքերը բացառելու համար, «Ազատությունն» այսօր դիմեց Կենտրոնական բանկ՝ դրամատան նախագահ Արթուր Ջավադյանին խնդրելով արձագանքել նաև կոնկրետ այս դեպքին։ Պատասխան դեռ չունենք։
Նույն հարցերն ուղղեցինք այս դեպքին առնչվող ֆինանսական մասնավոր կառույցներին։ «Վարկս Էյ Էմ»-ը, ինչպես հայտնի է, չի գործում։ Օրվա ընթացքում պատասխան չստացանք վարկային մյուս կազմակերպությունից՝ «Մոգո»-ից, հրաժարվեցին արձագանքել «Էվոկաբանկ»-ից։ «Յունիբանկ»-ի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Խաչատուր Միքայելյանը նշված հարցի կապակցությամբ բանկ չի դիմել: Հայտնում ենք նաև, որ «Յունիբանկ»-ը կարող է կայացնել համապատասխան որոշում, եթե բանկին ներկայացվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»:
«Այս պահի դրությամբ մնացել են երկու բանկեր՝ «Յունիբանկը» և «Էվոկաբանկը» և երկու վարկային կազմակերպություններ՝ «Վարկս Էյ Էմ», «Մոգո» ՈւՎԿ-ն: Ընդհանուր գումարային առումով մոտ 1 միլիոն 500 հազարի շուրջ է գումարը, այդ մասով ես իրենց հետ կոնկրետ պաշտոնական կապ չունեմ, միայն «Էվոկաբանկ»-ին գրություն եմ գրել, որի պատասխանը դեռ չեմ ստացել, ու էդ բանկերի մասով՝ նախորդ երեք բանկերը, որոնք որ չեղարկել են, իրենք են իմ հետ կապվել ու չեղարկել են: Մնացածները սպասում են քրեական գործի ավարտին, երևի թե դրանից հետո նոր պարզ կդառնա իրենց վերջնական պատասխանը», - նշեց նա:
«Ազատության» հարցին՝ «Էվոկաբանկ»-ին ե՞րբ է դիմել, Միքայելյանը պատասխանեց. «Ես, բանավոր կերպով, գնացել եմ, ներկայացել եմ, իրենք խնդրին ծանոթ են, այսինքն՝ խնդիրն իրենց ներկայացնելու բան չկար, իրենք էլ են վստահ, որ ես չեմ եղել, տեսագրությունը փոխանցել են՝ քննիչի գրությամբ, քննիչի մոտ կա այդ տեսագրությունը, սպասում են, որպեսզի քննիչը պատասխանը տա «Էվոկաբանկ»-ին: Ես գրություն իրենց տնօրենին էս վերջերս եմ դիմել, երևի դեռ պատասխանը չի հասնում ինձ: Ինձ հետ էլի մարդիկ են կապվել, որոնք նույն «Էվոկաբանկ»-ի հետ նմանատիպ խնդիր ունեն: Այսինքն՝ երբ որ տարածվեց էս գործը, Ֆեյսբուքով ինձ հետ կոնկրետ մարդ է կապվել, որը նույնպես ունի նմանատիպ խնդիր, այսինքն՝ օնլայն տարբերակով իր անունով էլ [ձևակերպվել է] վարկ, ու ինքը ասաց, որ մենակ ինքը չի, էլի մարդիկ կան: Ինքը չի վերցրել վարկը, իր անունով, էլի, կորցրած անձնագրով ինչ-որ մեկը նորից կարողացել է «Էվոկաբանկ»-ից գումար ստանալ», - ասաց Խաչատուր Միքայելյանը: