Մատչելիության հղումներ

Իրավապահները դեռ չեն կարողանում հայտնաբերել ուրիշի անունով վարկեր ստացողին


Խաչատուր Միքայելյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ:
Խաչատուր Միքայելյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ:

Ավելի քան տասը օր է անցել, ինչ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել երևանաբնակ Խաչատուր Միքայելյանի կորած անձնագրի դեպքի առնչությամբ և, ինչպես պնդում է Միքայելյանը, ինքն իրավապահներին է ներկայացրել իր անձնագրին տեր դարձած ու այդ փաստաթղթով վարկեր ձևակերպած անձի անուն, ազգանունը, լուսանկարները, գրանցման հասցեն, սակայն իրավապահները ցայսօր չեն կարողացել հայտնաբերել նշված անձին։

Նոյեմբերի 14-ին՝ քսան օր առաջ Խաչատուր Միքայելյանը մայրաքաղաքի տաքսիներից մեկում կորցրել է իր անձնագիրը: Անցած օրերի ընթացքում նրա անձնագրով կարողացել են հայաստանյան հինգ բանկերում և վարկային մեկ կազմակերպությունում 2,5 միլիոն դրամ վարկեր ձևակերպել։

Փաստորեն, հայաստանյան ֆինանսական հաստատություններում վարկեր են ձևակերպում՝ անգամ ուշադրություն չդարձնելով անձնագրի լուսանկարին ու ստորագրությանը։

«Ինձ հետ կապվեցին Ոստիկանության ներքին անվտանգությունից: Այնտեղ այցից հետո ինձ բացատրեցին, որ կան որոշակի ընթացակարգային խնդիրներ, որ քրեական գործը հարուցվում է: Այնուհետև, որ քննիչի որոշումով միայն կարող են որոշակի գործողությունների կատարել հանցագործին բռնելու հետ կապված: Համենայն դեպս, քրեական գործը հարուցվում է նոյեմբերի 23-ին, այսօր դեկտեմբերի 4-ն է, անցել է 11 օր, ու եթե նորից կա ընթացակարգային խնդիր, ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր պետք է լինի, որ քրեական գործը հարուցելուց նույնիսկ տասը օր անց դեռևս որևէ տեղեկություն չունենանք, թե այդ մարդուն ձերբակալել են, թե ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Խաչատուր Միքայելյանը ոստիկանություն է դիմում անձնագրի կորստի օրը՝ նոյեմբերի 14-ին, նաև անձնագիրը չեղարկելու դիմում է ներկայացնում: Սակայն նշված դիմումներից հետո նրա անձնագրով կարողանում են բազմաթիվ վարկեր ձևակերպել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից անցած շաբաթ «Ազատությանը» փոխացել էին, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրություններ է սկսել՝ պարզելու, թե այս դեպքի առնչությամբ ոստիկանների գործողությունները որքանով են իրավաչափ: Լրատվական ծառայությունից այսօր հայտնեցին, որ ուսումնասիրությունները շարունակվում են։

Միքայելյանի հետ տեղի ունեցածի քրեական գործը ներկայումս քննում է Քննչական կոմիտեն։ Կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը այսօր «Ազատությանը» ասաց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ․ - «Քաղաքացի Խաչատուր Միքայելյանի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի խարդախություն կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով: Նշեմ, որ Միքայելյանն ինքը Քննչական կոմիտե դեռևս չի ներկայացել: Ծանուցումն արդեն ստացել է, հնարավոր է, որ այսօր կամ վաղը ներկայանա Քննչական կոմիտե հարցաքննության: Միայն նշեմ, որ քրեական գործը հարուցվել է Ոստիկանությունում, փոխանցվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու: Այս պահի դրությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, այս դեպքը ի ցույց է դնում իրավապահ մարմինների դանդաղկոտությունը․ - «Դա տխուր իրականություն է: Ոստիկանությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի հայտնաբերվեր մարդը, որը ըստ էության շատ չի էլ թաքնվում: Ես ինչքան հասկացա, այդ մարդը, որին ապագայում մենք երևի թե կանվանենք հանցագործ, երբ որ ձերբակալվի կամ հայտնաբերվի, այդ մարդը չի էլ թաքնվում: Նա ազատորեն պտտվում է խանութներում, բանկերում վարկեր է ձևակերպում: Եվ այդ կարգի մարդուն չգտնելը․․․ որակումներ տալ ես չեմ ցանկանում, բայց անգործության նման մի բան է»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով հետևում է Խաչատուր Միքայելյանի հետ տեղի ունեցածին և ում խոսքով, նման իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքը ցույց տվեց, որ համակարգային խնդիրներ կան իրավապահ և բանկային կառույցներում․ - «Համակարգային խնդիրը, որ կա, արդեն ոչ թե ես տեսնում եմ, այլ փաստը արձանագրվել է: Իսկ ինչ վերաբերում է գործի դանդաղ ընթացքին, քննարկումների ընթացքում հասկացանք, որ կան օրենսդրական լուրջ խնդիրներ, այն է՝ ոստիկանության օպերատիվ գործելու և միևնույն ժամանակ մարդու հիմնարար ազատության մասին օրենքի հակադրություն: Եթե այս պարագայում ապացուցվում է, փաստեր կան, որ տվյալ անձը համարվում է կասկածյալ, որը կարող է դառնալ մեղադրյալ, ոստիկանը այստեղ շատ արագ գործելու իրավունք չունի: Այսինքն, քրեական գործ հարուցելը ոստիկանության խնդիրը չի, ոստիկանությունը պետք է սպասի, որ նախաքննությունից հետո լինի հիմնական քննության փուլը և հետագայում արդեն հարուցվի գործ և իրեն համապատասխան պատիժը ձևավորեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG