Մատչելիության հղումներ

Ճիշտ կես դար առաջ թողարկվեց բիթլերի Let it Be սկավառակը


«Բիթլզ» խումբը, օգոստոս, 1969թ.
«Բիթլզ» խումբը, օգոստոս, 1969թ.

50 տարի առաջ՝ 1970 թվականի մայիսի 8-ին լույս տեսավ առասպելական բիթլերի 12-րդ ալբոմը՝ Let it Be-ն, որն, ավաղ, դարձավ խմբի վերջին համատեղ աշխատանքը:

Երկրպագուները, երաժշտական հանդեսների մեկնաբաններն այդ ալբոմին նախորդող երկու տարիների ընթացքում զգում էին, որ լիվերպուլյան հանճարեղ քառյակի վերջը մոտ է, շատ էին ասեկոսեները ներքին տարաձայնությունների մասին, ակնհայտ էր, որ դրանց գոնե մի մասը ճիշտ է:

Իհարկե, երկու լիդերների՝ երգահան, կիթառահար Ջոն Լենոնի և երգահան, բաս-կիթառահար ու ստեղնահար Փոլ ՄըքՔարթնիի միջև կար պայքար «թիվ մեկ բիթլ» ճանաչվելու համար, բայց վեճի խորքային պատճառը խմբի երաժշտական ապագայի վերաբերյալ անհամատեղելի պատկերացումներն էին, երկու առաջատար կոմպոզիտորների երաժշտական և փիլիսոփայության հայեցակարգերի տարբերությունները: Կիթառահար Ջորջ Հարիսոնը և հարվածող Ռինգո Սթարն ակամա հայտնվում էին մերթ չեզոք հաշտարարի, մերթ լիդերներից մեկի դաշնակցի կամ թշնամու դերում:

Նախորդ ալբոմը՝ Abbey Road-ը, թողարկվել է 1969 թվականի սեպտեմբերին: Իսկ 1970-ի մայիսի 8-ին, երբ հայտարարվեց Let it Be սկավառակի ծննդյան մասին, բիթլերն արդեն մեկ ամիս էր գոյություն չունեին որպես քառյակ:

1968-ին Փոլը տղերքին առաջարկել է մեկնել հյուրախաղերի, դրանից առաջ բիթլերը 1966-ին են համերգներ տվել: Փոլը հավատում էր, որ վերադարձը բեմ դարման կդառնա տարատեսակ ներխմբային և անձնական խնդիրներից հոգնած ընկերների համար, բայց Ջոնը, Ջորջը և Ռինգոն բավական սառն են արձագանքել:

Ստուդիայում խմբի աշխատանքն էլ երբեմն լարված մթնոլորտում էր անցնում, մեկը մյուսից ձանձրացած բիթլերը դանդաղ էին աշխատում, մեկմեկու խայթում էին, վիրավորվում, դուռը շրխկացնում հեռանում, հետո համաձայնում էին վերադառնալ:

Բիթլերը որոշել էին նկարահանել ֆիլմ-համերգ, որը կպատմի սոսկ մեկ ալբոմի երգերի կատարման մասին: 1969-ի հունվարի 2-ին խումբը սկսեց փորձերն Անգլիայի հարավ-արևելքում Twickenham ստուդիայում: Տեղի ունեցավ անսպասելին՝ լարվածությանը չդիմացավ ու ստուդիայից հեռացավ «Չխոսկան բիթլի» մականուն ունեցող, արևելյան կրոնական ուսմունքների և մեդիտացիաների մեջ իր անդորրը գտած Ջորջը: Շաբաթներ տևած բանակցություններից հետո նա հունվարի 23-ին վերադարձավ, խումբը փորձերը շարունակեց Լոնդոնի Apple ստուդիայում: Հունվարի 30-ին բիթլերը բարձրացան ստուդիայի շենքի տանիքը և այնտեղ 40 րոպե անվճար ելույթ ունեցան` կատարելով Let it Be-ի երգերը: Հանրության համար դա անակնկալ էր: Բիթլերը երգեցին, հետո եկան ոստիկաններն ու խնդրեցին չխախտել կարգուկանոնը: Բիթլերն ավարտեցին ելույթն ու իջան տանիքից:

50 տարի առաջ՝ ալբոմի թողարկումից մեկ շաբաթ անց թողարկվեց նաև ֆիլմը՝ Let it Be, որը պատմեց այդ չհայտարարված համերգի մասին: Let it Be ալբոմի գլուխգործոցներից է The Long and Winding Road-ը՝ «Երկար ու ոլորուն ճանապարհը»: Apple ստուդիայի տանիքի համերգը վերջակետն էր: Ջոնը, Փոլը, Ջորջն ու Ռինգոն անցան այդ երկար ու ոլորուն ճանապարհը, որի անունն է The Beatles, Երկիր մոլորակի լավագույն խումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG