Մատչելիության հղումներ

Եվրադատարանի վճռով՝ 2001-ին բանակում սպանված զինծառայողի մորը պետք է 26 հազար եվրո վճարվի


Ֆրանսիա - ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ
Ֆրանսիա - ՄԻԵԴ շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ 2001 թվականին բանակում մահացած 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի մոր՝ Անահիտ Մկրտչյանի գործով, համաձայն որի՝ հայցվորին պետք է վճարվի 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Բաղրամյան գյուղի 68-ամյա բնակչուհին Եվրոպական դատարանին բողոքել էր ներկայացրել որդու մահվան գործով Հայաստանում իրականացված քննության առնչությամբ:

Ինչպես նշված է ՄԻԵԴ հաղորդագրությունում, Արայիկ Ավետիսյանը զորակոչվելուց մեկ տարի անց՝ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, մահացել է գլխին արձակված կրակոցից, գումարտակի հրամանատարի գրասենյակում: Քննության հենց սկզբից պաշտոնական վարկածը եղել է ծառայակցի կողմից անզգույշ սպանությունը, մինչդեռ մայրը հանցագործության համար անմիջապես կասկածել է հրամանատարին, ով, կնոջ հավաստմամբ, շարունակաբար նվաստացրել է իր որդուն և նրանից փող շորթել:

Հարուցված քրեական գործով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել Արայիկ Ավետիսյանի ծառայակցին: Հայաստանյան դատարանները գործով դատավարության ընթացքում երեք անգամ այն վերադարձրել են նոր քննության՝ մատնանշելով նախաքննությունում առկա թերությունները, մասնավորապես՝ վկաների ցուցմունքների և դատաբժշկական փորձաքննության տվյալների միջև հակասությունները:

Թե՛ նախաքննության և թե՛ դատավարության ընթացքում մեղադրյալն ընդունել է իր մեղքը, սակայն 2011 թվականին գործի հերթական վերանայման շրջանակում հարցաքննության ժամանակ հերքել է իր նախկին ցուցմունքները՝ պնդելով, որ ստիպված է եղել դրանք տալ՝ վախենալով իր և իր ընտանիքի անվտանգության համար:

Քննությունը մինչ օրս էլ շարունակվում է, սակայն 2019-ի մարտին քրեական դատավարությունը երկրորդ անգամ է կասեցվել, քանի որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, ում պետք է մեղադրանք առաջադրվի: Քննիչները չեն կարողացել հայտնաբերել մահացածի մարմնին ոչ-հրաձգային վնասվածքների ծագումը, որոնք, ըստ փորձագետների, չէին կարող կրակոցից հետո ընկնելու հետևանք լինել, ոչ էլ հրազենը, որից արձակվել էր կրակոցը:

Անահիտ Մկրտչյանը ՄԻԵԴ էր դիմել՝ պնդելով, որ որդու մահվան գործով քննությունը արդյունավետ չի եղել:

Եվրոպական դատարանը որոշել է, որ հայցվորի որդու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG