Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում նոր արգելքներ են սահմանվել կանանց համար


Թուրքմենստան - Կանայք օպերային թատրոնում, Աշգաբատ, նոյեմբեր, 2020թ.

Աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Թուրքմենստանում, որտեղ իշխող վարչակազմը հայտնի է մարդկանց ազատությունների աննախադեպ սահմանափակումներով, հերթական աղմկահարույց հրովարտակն է արձակվել՝ արգելել պետական համակարգում աշխատող կանանց ներկել մազերը և եղունգները, օգտագործել արհեստական թարթիչներ և կատարել հոնքերի լամինացիա: Արգելքը շրջանցողներին ընդհուպ սպառնում է դառնալ գործազուրկ:

Ուսումնական հաստատություններում, պետական կառույցներում տեղի ունեցած ժողովների ընթացքում հնչած այդ որոշման պատճառների մասին պաշտոնապես պարզաբանումներ չեն արվել, «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությանը պատմել են հավաքներին մասնակցած մի քանի կանայք, ովքեր թեև դեմ էին սահմանափակումներին, այդուհանդերձ, ինչպես խոստովանել են, չեն համարձակվել բարձրաձայնել այդ մասին: Լրատվամիջոցի հետ զրույցում թուրքմենստանցի կանայք պատմել են նաև, որ երկրի վարսավիրանոցներին պաշտոնապես նախազգուշացրել են նոր կանոնների մասին, պաշտոնյաները, սակայն, գործընկերուհիների հետ բացատրական աշխատանքներում չեն հստակեցրել՝ խոսքը գունավո՞ր լաքի մասին է միայն, թե՞ առհասարակ մատնահարդարման, միայն ձեռքերի՞ մատների, թե՞ նաև ոտքերի:

Մինչ այդ էլ պետական համակարգում աշխատող կանանց համար հատուկ «դրես կոդ» էր սահմանվել՝ աշխատանքի ներկայանալ բացառապես ազգային տարազով՝ մինչև կրունկները հասնող նախշազարդ զգեստով, նախազգուշացմամբ, որ զգեստը լինի զուսպ և հասարակ:

Բռնապետական Թուրքմենստանում սահմանափակումների թիրախը միայն կանայք չեն: Երկու ամիս առաջ 40-ից բարձր տարիքի արական սեռի պետական պաշտոնյաներին արգելել են ներկել ճերմակած մազերը։ Այդկերպ թուրքմենական կառավարության տղամարդ պաշտոնյաները կնմանվեն երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով վերջին շրջանում սկսել է չթաքցնել ճերմակած մազերը։ Անցյալ տարվա հունվարին Թուրքմենստանի պետական կառույցներին, այդ թվում՝ դպրոցներին, հիվանդանոցներին, պարտավորեցրել են գնել Բերդիմուհամեդովի նոր դիմանկարները, որոնցում նախագահը ճերմակահեր է։ Նախկին լուսանկարներում թուրքմենների առաջնորդը սևահեր էր, մինչդեռ նախագահ դառնալուց առաջ էլ սպիտակած մազեր ուներ:

Թուրքմենստանը ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլև աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, այստեղ են գտնվում բնական գազի՝ աշխարհում մեծությամբ չորրորդ պաշարները, սակայն, ՄԱԿ-ի տվյալներով, հետխորհրդային այս երկրի բնակչությունն աղքատության շեմին է: Իրավապաշտպան կազմակերպությունները Թուրքմենստանի իշխանություններին մեղադրում են մարդու իրավունքների աննախադեպ կոպիտ ոտնահարումների մեջ:

XS
SM
MD
LG