Մատչելիության հղումներ

Այսօր Մամուլի ազատության օրն է


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

«Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը»,- նշել է նա իր ուղերձում։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ուղերձում շեշտել է, որ ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է. «Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրել է, որ մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը:

«Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG