Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կքննի Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը


Գուրգեն Խաչատրյանը, արխիվային լուսանկար

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ գործարար Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։

Երեկ փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի` Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է նոր, ըստ փաստաբանների, որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։ Խոսքն, ըստ մամուլի, մեծահարուստ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի («Բարգավաճ Հայաստան») ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է։ Առուստամյանն ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվեց՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով: Նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։

Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատության» հետ զրույցում չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ մեղադրանքի մասին է խոսքը։ Պնդեց միայն, որ Խաչատրյանի ընտանիքը ենթարկվում է ճնշման.- «Վերջին շրջանում տեղի ունեցած և շարունակվող իրադարձությունների ֆոնին` այն մեղադրանքը, որ լրացվել է պարոն Գուրգեն Խաչատրյանի մասով, իր իրավական հիմնավորվածության մասով, ասպեկտով, այսպես ասած, աննախադեպ է, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետությունում այն իմաստով, որ արդեն իսկ վարկածի շեմից ցածր փաստական տվյալ չասեմ հա, վարկածի շեմից ցածր գնահատվող իրադարձությունների մակարդակում դառնում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում: Սա ոչ այլ ինչ է, քան այն ճնշումը, որ իրականացվել է Խաչատրյանների ընտանիքի վրա ու շարունակվում է իրականացվել, սա ահագնացող է, ոչ միայն Գուրգեն Խաչատրյանի, այլ ընդհանրապես Խաչատրյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող այս աննախադեպ, անօրինական գործողությունները, որոնց մենք շատ մոտ ապագայում հատ առ հատ կանդրադառնանք»:

Հիշեցնենք՝ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։ Օրերս ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք: Նկատենք՝ հենց Գագիկ Խաչատրյանն է զբաղեցրել ՊԵԿ նախագահի, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը։

Կապի հայաստանյան խոշորագույն օպերատորներից Ucom-ի հիմնական սեփականատերերից մեկը հանդիսացող Գուրգեն Խաչատրյանի փաստաբանները երեկ տարածած հայտարարությունում գրում են, որ գործի նյութերից և պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին: Փաստաբանները մեղադրանքը որակում են պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։

Գուրգեն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, թե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել Ucom-ը։ Նա չէր նշել, թե մասնավորապես ովքեր են իր առջև նման պահանջ դրել։ Այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը: Գևորգյանը գրել էր նաև, որ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Միքայել Մինասյանն է:

Այս հայտարություններին երեկ Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ.- «Այդ տնտեսական գործունեությունը հաճախ իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով սուբյեկտների կողմից, և ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, ինչպես արդեն նշեցի նաև որոշակի փաստական տվյալների վերլուծություն, վկայում են այդ ամբողջ գործունեությունը որոշակի 1-2 կենտրոններից ղեկավարված լինելը, որովհետև սխեման այնպիսին է, նախնական եմ այս ամեն ինչն ասում, որ բնականաբար այդ գործունեության հատկապես արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել: Հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության, նաև առերևույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի երբևէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»:

Ucom-ի հիմնական սեփականատերերի հայրը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, այժմ կալանավորված է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG