Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ 22,4 մլն դոլարի կաշառքի դեպք, կոնցեռնի տնօրենը կալանավորված է


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ստացվել են փաստական տվյալներ, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Առերևույթ կաշառքի նպատակը, ըստ հաղորդագրության, նշված բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչությունն էր, նրա ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելը, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելը, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելը:

«Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության 2 պայմանագրեր», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործի շրջանակում ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը, փոխանցում է ԱԱԾ-ն:

«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունն է քննում ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործերը։ Մամուլը գրել է, որ Առուստամյանի այս գործով մեղադրանքն առնչվում է Խաչատրյանների գործին։

XS
SM
MD
LG