Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ


Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման տեսակետից:

Զոհրաբ Մնացականյանը և Տոյվո Կլաարը նաև անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվել է համատեղ հնգակողմ հայտարարություն։ Այս առնչությամբ երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG