Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց «Արտակարգ ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը


Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյան

Արտահերթ նիստում այսօր քննարկվում են նաև «Արտակարգ ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունները, որոնց հիմնական նպատակը
պարետի և պարետատան կարգավիճակի հստակեցումն է։

Պարետի որոշումները նախագծով առաջարկվում է համարել փոխվարչապետի որոշումներ։ Հստակեցվում է նաև, որ անձի ազատության սահմանափակումը կարող է կատարվել նաև բանավոր կարգադրությամբ, սակայն դրա գրավոր տարբերակը պետք է սեղմ ժամկետներում ներկայացվի։

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով, Հայաստանը, ինչպես ամբողջ աշխարհը, նաև իրավական կարգավորումների առումով պատրաստ չէր համավարակին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն նկատեց, որ փաստորեն ստացվում է, որ պարետի կայացրած որոշումները մինչև այժմ իրավական հիմք չեն ունեցել․ - «Կարող ենք ասել, որ այս փաթեթով, ըստ էության, այն, ինչ մինչև այսօր պարետը որոշել է որոշումներով, դուք դրանք օրինականացնում եք։ Որովհետև օրենսդրական բաց կար, պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է նորմատիվ իրավական ակտեր։ Եվ հիմա դուք դա օրինականցնում եք և անցումային դրույթներով ասում եք, որ գործում է հետադարձ ուժով։ Սա մեկ։ Երկրորդ հարցը։ Քանի որ պարետը չուներ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, էդ սահմանափակումների հիման վրա մոտավորապես տասնը քանի հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել, և մարդիկ տուգանվել են։ Արդյո՞ք չեք կարծում, որ այդ տուգանքները չպիտի գանձվեն, և պետք է բոլոր վարչական արձանագրությունները անվավեր ճանաչվեն, որովհետև ըստ էության դրա իրավական հենքը գոյություն չի ունեցել»։

«Ոչ», - պատասխանեց փոխնախարարը։ - «Ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել։ Ինչպես նշեցի, Սահմանադրությունը, միջազգային մեր փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն, մենք օրենսդրական կարգավորումները ավելի հստակեցնում ենք։ Երկրորդ հարցը։ Ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է Կառավարության որոշմամբ։ Իսկ վարչական արձանագրությունները և տուգանքները նախատեսված են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որը խորհրդարանն է ընդունել»։

Էդմոն Մարուքյան․ - «Պարոն փոխնախարար, սահմանափակման կանոնները սահմանվել են պարետի կողմից։ Այո, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կան տուգանքի վերաբերյալ հոդվածներ, բայց թե որ դեպքում դա պետք է կիրառվի, այդ մանրամասները սահմանել է պարետը, որը նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն չուներ մինչև հիմա։ Եթե ուներ, ուրեմն ինչո՞ւ եք այս օրենքը բերել։ Ես գիտեմ, որ չուներ, Դուք էլ գիտեք, որ չուներ։ Հիմա երբ որ էս օրենքը ընդունում ենք, որ ունենա․․․ օրենսդրական բաց է եղել, ո՛չ մենք ենք մեղավոր, ո՛չ պարետը։ Այն մարդիկ, ովքեր որ տուժել են դրա պատճառով, արդյո՞ք էդ վարչական ակտերը չպետք է չեղարկվեն։ Սա մեկ։ Եվ մյուս հանգամանքը։ Մեկուսացման հետ կապված բանավոր հանձնարարականը․․․ Դուք հիշո՞ւմ եք, որ ժամանակին Հայաստանում կար զազրախոսելու համար վարչական մեկուսացում։ Էդ ապօրինի, արատավոր երևույթը վերացվեց Հայաստանում։ Հիմա Ձեր նշած այս դեպքը, որ ասում եք բանավոր կարգադրության հիման վրա կարելի է մեկուսացնել, այդ նույն պատմությունն է ինձ հիշեցնում։ Սա ուղղակի ապօրինի է, և Հայաստանի օրենսդրությունը, Սահմանադրությունը, Եվրոպական կոնվենցիան՝ իրար հետ թույլ չեն տալիս նման բան անել։ Որովհետև դուք 72 ժամից երկար եք մեկուսացնելու, և դա գնում, քրեաիրավական դաշտ է մտնում»։

Ռաֆիկ Գրիգորյան․ - «Պարոն Մարուքյան, Ձեր ասածը վարչական կալանքի մասին է խոսքը, որը գործել է, եթե չեմ սխալվում, մինչև 2005 թվականը։ Իրար հետ ինչու կապ չունեն, և ինչու է սա կիրառելի և իրավաչափ։ Նա որևէ խախտում կատարելու համար անձին անձնական ազատությունից զրկելն էր, որը, ինչպես ճիշտ նշեցիք, ՄԻԵԴ պրակտիկայի համաձայն, էական չի վարչական ենք անունը դնում, թե քրեական, կանոններին պետք է ենթարկվեն։ Այսինքն՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի այն կետով է կատարվում, որ պետք է դատարանի որոշման հիման վրա անձը ազատությունից զրկվի։ Իսկ մեր դեպքը 27-ի 5-ն է, այսինքն՝ անձը ազատությունից կարող է զրկվել՝ հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունը կանխելու։ Այդ դեպքերում ոչ թե պատասխանատվության համար կիրառվող անձնական ազատության սահմանափակման հետ գործ ունենք, այլ գործ ունենք վարչական կարգադրության հիման վրա, հիմքը՝ վարակիչ հիվանդություն, անձին սահմանափակելը»։

«Արտակարգ ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին 82 կողմ, 12 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG