Մատչելիության հղումներ

Ռուսաստանից Հայաստան ժամանեցին 222 քաղաքացիներ


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ

Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած 222 քաղաքացիները տեղափոխվել են Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես հեռախոսով «Ազատությանը» հայտնեց՝ հենց սկզբից իրենց ջերմաչափել են և հորդորել՝ դրսում սպասողներին տուն ճանապարհել. - «Ասացին՝ դուրս գալուց մեզ ավտոբուսներ են սպասելու, որոնք կտանեն հատուկ բացված հյուրանոցներ, 14 օր այնտեղ կպահեն, ով սպասող ունի՝ ասեն, որ դուրս գան մեքենաներով, չսպասեն, որովհետև ոչ մեկին թույլ չեն տա դուրս գալ: Ու ինչ-որ ցուցակ են կարդում՝ հաշմանդամների ու երեխաներ ունեցողների, որ նրանք առաջնահերթ դուրս գան»:

«Ազատության» զրուցակիցը հայտնեց, որ իր ջերմությունը չափել են՝ նորմալ էր ամեն ինչ:

Մեր զրուցակցին Ծաղկաձոր տեղափոխեցին. - «Ամբողջովին լցված է, ու էդպես երևի մի երեք ավտոբուս, թե ավել, չգիտեմ, բայց գնում ենք՝ ինչ-որ «Մարիոտ» ու «Ոսկե աքաղաղ»:

Հիմա էլ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դեռ Հայաստանի քաղաքացիներ կան և անհամբեր սպասում են հաջորդ հատուկ չվերթին։ Red Wings ավիաընկերությունը Ռուսաստանի կառավարությունից թույլտվություն է ստացել՝ ևս մեկ թռիչք իրականացնել:

Երեկ ուշ երեկոյան Երևան ժամանած չվերթի մեկ այլ ուղևոր «Դոմոդեդովո» օդանավակայանից մինչև «Զվարթնոց» հեռախոսով նկարահանած կարճ տեսանյութերի միջոցով ներկայացրել էր իրավիճակը, ասում էր՝ օդանավակայանում հայերն ավելի շատ էին, քան հնարավոր էր տեղավորել օդանավում։ Հույսով սպասում էին, որ նոր չվերթ կհայտարարվի, և արագ տոմսերը կգնեն։

Ֆեյսբուքյան օգտատերներից քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը էջից տեղեկանում ենք, որ այս թռիչքից հետո հայաստանցիները դեռ երկար մնացել են օդանավակայանում։ Ոմանք արդեն օրերով են այստեղ, քանի որ Ռուսաստանի հեռավոր վայրերից են եկել և տեղ չունեն գնալու։ Գրեթե բոլորն արտագնա աշխատողներ են։ Կադրերում տեսնում ենք, որ այնտեղ էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, որն անձամբ հետևում է գործընթացին։

Դեսպանը վստահեցրեց, որ նոր չվերթ «առաջիկա օրերին կլինի անպայման, մարդ չի մնա, կարծում եմ՝ բոլորին կուղարկեն»:

Մինչև երեկո այդպես էլ տոմս չհաջողվեց գնել Երևան վերադառնալ ցանկացող Գոհար Կարապետյանին։ Ասում է՝ անորոշություն է, ոչ ոք ոչինչ չգիտի։ Այս չվերթին չի հասցրել, առաջնահերթությունը տրվել է երեխաներով կամ առողջական խնդիրներ ունեցող ուղևորներին։

«Ասեմ, որ այս սպասողների մեջ էլ քիչ չեն առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ, ուստի, կարծում եմ, ամեն քայլ անում է, ձեռնարկում է մեր դեսպանատունը՝ մարդկանց օգնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Տվյալ պահին, նրա փոխանցմամբ, «Դոմոդեդովո» օդանավակայանում վեց տասնյակ մարդ կար: «Բայց ասեմ, որ շատ էր նրանց թիվը՝ մոտ մի 200-250 հոգի, նրանց մեծ մասին հիմա տարել են, տեղավորել են», - ասաց Գոհար Կարապետյանը՝ շարունակելով. - «Եկել եմ հերթական անգամ, որպեսզի կարողանամ տոմս ձեռք բերեմ, բայց որևէ տվյալ չկա: Այսինքն՝ այն հայտարարությամբ եմ եկել, որ երկրորդ թռիչք հնարավոր էր նախատեսվեր, բայց էդպես էլ որևէ կոնկրետ բան չասվեց»:

Հարցին էլ՝ ինչպե՞ս ստացվեց, որ հիմա են որոշել գալ, նախապես մտադրված չէի՞ն գալ, նա արձագանքեց. - «Մտադրված չէինք, որովհետև այստեղ էլ իշխանությունները շատ, էսպես, հապճեպ ու միանգամից հայտարարեցին և՛ էս սահմանափակումները, և՛ կարանտինը, և կարծում եմ, որ էս ամենը գնալով ավելի մեծ թափ պիտի ստանա: Ինչքան էլ որ լավ լինի ուրիշ տեղ աշխատանք և այլն, այս պահին ամեն ինչ դադարեցված է այստեղ էլ՝ չկա աշխատանք, չկան որևէ կենսական միջոցներ, դրա համար բոլորն էլ ձգտում են վերադառնալ Հայաստան»:

Ինչպես ավելի ուշ հայտնեց Հայաստանի արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարթերային թռիչքը կկայանա այսօր ժամը 15:40-ին, դրանով կարող են հայրենիք վերադառնալ բացառապես Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի թիվ 94 տոմսարկղից այսօր ժամը 9:30-ից սկսած:

«Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր», - նաև ասված է գրառման մեջ:

XS
SM
MD
LG