Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ի թիվս երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող այլ հարցերի, Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել էին նաև իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նախագահի և Աբու Դաբիի թագաժառանգի միջև պայմանավորվածության արդյունքում այսօր հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան են հասցվել բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրություների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին նշել է. «Արաբական Միացյալ Էմիրությունները պատիվ ունի կատարելու իր հանձնառությունն՝ օգնելով և մարդասիրական օգնություն տրամադրելով բարեկամ երկրներին՝ աջակցելով նրանց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս օժանդակությունը ներառում է բուժօգնության պարագաներ: Սա վկայում է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա սերտ հարաբերությունների մասին», - ասել է դեսպանը:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում ակտիվ շփումներ է ունենում տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված հարցեր: «Նման քննարկում է եղել նաև շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, և այսօր հատուկ չվերթով Երևան ժամանեց մարդասիրական օգնությունը՝ բժշկական պաշտպանիչ միջոցներ և այլ ապրանքներ, որոնց ցանկը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այդ օգնությունը տրամադրվել է հենց Աբու Դաբիի թագաժառանգի կողմից՝ ի հավաստումն երկու երկրների բարեկամական հարաբերությունների», - նշել է Էմիլ Տարասյանը։