Մատչելիության հղումներ

111-ամյա տատիկը՝ ծննդավայր Կարսի կարոտով


Ցեղասպանություն վերապրած Եպրաքսի Գևորգյանը։

Եպրաքսի Գևորգյանը շատ լավ է հիշում իր ծննդավայրը՝ Կարսի նահանգ, Լալոյի Մավռակ գյուղ, նույնիսկ իրենց տան տեղն է հիշում․ - «Մեր գյուղը գաղթվավ, սաղ ունեցածները թողին, փախել ենք, հասել Արազ»։

Գրիգոր և Եսթեր Ղազարյանների աղջիկը պատմում է, որ գյուղում բոլորը ունևոր էին, մի օրում ինչ կորցրել են․ - «15 հատ փեթակ, երկու լուծ եզ, չորս հատ կով, քսան հատ ովցա [ոչխար]»։

Քանի՞ տարեկան էիք երբ փախաք Կարսից. այս հարցը լուրջ քննարկումների թեմա է դառնում։ Եպրաքսի տատիկը վստահ է, որ ինքը 111 տարեկան է, ըստ անձնագրի 106 է։ Եպրաքսի Գևորգյանը հանգամանալից բացատրում է՝ Կարսից մեր արխիվը չի եկել, ինչ թիվ ուզել, գրել են։

Գաղթի ճանապարհին կորցրել է հորը, մայրը մահացել է Ալեքսանդրապոլ (Գյումրի) հասնելուն պես, երկու եղբայրների հետ Եպրաքսի Գևորգյանը մեծացել է Գյումրու ամերիկյան որբանոցում։ Կրտսեր՝ Եղիա եղբորը որդեգրել, Ամերիկա են տարել։ Ինքը նրան հետո էլ չի տեսել։

Իսկ մանկատան տարիները հիշում է միայն ջերմությամբ․ - «Եթե ամերիկացին չգար, Արևմտյան Հայաստանի ժողովուրդը սաղ կմեռնեին սովից»։

Նա, սակայն, ոչ թե որբանոցի լավ սնունդը կամ հագուստն է հիշում, այլ կրթությունը․ - «Ես ոչ մի բան չէի կըրնա սովորեի։ Գյուղը ի՞նչ կար․ ոչ դպրոց կար, ոչ մի բան չկար»։

Հայաստանում Ցեղասպանության ականատեսներից մի քանի հոգի են մնացել՝ Եպրաքսի տատիկը չի մերժում ոչ մեկին, բայց չի ընդունում Թուրքիայից եկած լրագրողներին․ - «Չէ․․․ թուրքերը հայերին վառին-թողին»։

Անցյալ տարի թոռը՝ Արթուրը տատին ուղեկցեց Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Եպրաքսի Գևորգյանը այսօր էլ անցյալ տարվա հիշողությամբ էր ապրում․ ծաղիկներն, ասում է, սպանվածների պես էին շարված․ - «Ոնց ծաղիկները դրած էին, նույնն էլ էդ սպանվածներին բերել, շարել էին»։

Իր գերդաստանում փրկվածների մեջ նաև հորաքույրն էր, որ մանկատնից վերցրել, խնամել ու ամուսնացրել է եպրաքսի Գևորգյանին։

6 երեխա է ունեցել կոլխոզի նախագահ ամուսնուց, հիմա նա հանգուցյալ է։ Քանի թոռ, ծոռ ու թոռան թոռ ունի, այս թիվն էլ շատ հստակ չէ։ Ինքն ասում է 60։ Թոռը՝ Արմանը պնդում է, որ 84-ն են տատիկի ժառանգները։ Հենց Արմանն է 111-ամյա Եպրաքսի Գևորգյանի բոլոր քմահաճույքները կատարում, գուրգուրում ու անպակաս պահում երկու պինդ կապած տոպրակները, մեկի մեջ թխվածքաբլիթ, մյուսի մեջ կոնֆետները՝ տատիկի գլխի տակ։

Եպրաքսի Գևորգյանի դուստրը՝ տիկին Լենան 91 տարեկան է, շատ լավ առողջություն չունի, բայց մեծ մայրիկի սնունդը պետք է տեղը պահի․ - «Խաշ ա ուզում, բլինչիկ ա ուզում, կոտլետ ա ուզում․․․ ամեն ինչ»։

111 տարիների ընթացքում Եպրաքսի տատիկը մեկ անգամ է հիվանդանոց ընկել, ստամոքսի թեթև խանգարումով , առողջական որևէ խնդիր չունի և ունի տան կահավորման հետ կապված պլաններ։ Փողը բազմաշերտ հագուստի խորխորատներից հանեց, ուզում է մահճակալ գնել։

Եպրաքսի Գևորգյանը հպարտությամբ է ցույց տալիս անգլալեզու գիրքը։ Թուրքիայում ծպտյալ հայերի մասին պատմող գրքի հեղինակն ինքն է այցելել ու նվիրել, շապիկին Եպրաքսի Գևորգյանն է։

Տանն տատիկը մի անկյուն ունի՝ վառվող մոմերով ու սրբապատկերներով, հաճախ է նստում այստեղ՝ մտքով վերադառնալու իր կորցրած ծննդավայր, Կարսի նահանգ , Գյուղ Լալոյի Մավռակ»։

XS
SM
MD
LG