Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսն աշխարհում ապրիլի 23-ի դրությամբ


Առողջապահության համաշխարհային կազմակերպխության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, Ժնև, արխիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպխության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, Ժնև, արխիվ

Ապրիլի 23-ին, Երևանի ժամանակով 19:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի ախտահարումների թիվը գերազանցել է 2 միլիոն 660 հազարը, մահացել է մոտ 186 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 730 հազար հիվանդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ COVID-19 հիվանդության դեմ պայքարը դեռ շատ ժամանակ կպահանջի:

«Արևմտյան Եվրոպայում համավարակը կայունանում կամ նահանջում է, թեպետ թվերը ցածր են, սակայն մենք տեսնում ենք վտանգավոր միտումներ Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում և Արևելյան Եվրոպայում: Չխաբվեք, մենք դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնենք, այս վիրուսը մեզ հետ կլինի դեռ երկար ժամանակ», - երեկ ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների համոզմամբ, մոլորակի բնակչության մեծ մասը խոցելի է մնում, դա նշանակում է, որ այս համավարակը կարող է մարել և նորից բորբոքվել:

Շաբաթներով տներում գտնվող մարդիկ այս մեկուսացման պայմաններում ընկճվում են, դժգոհում են, ուզում են վերադառնալ բնականոն կյանքին, աշխատել, դուրս գալ փողոց:

Ըստ Գեբրեյեսուսի, դա միանգամայն հասկանալի է, և ճիշտ նույն բանի մասին է երազում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ գոյացել է նոր իրականություն:

«Աշխարհն այլևս չի վերադառնա երեկվա նորմին: Պետք է ըմբռնել, որ անհրաժեշտ է նոր նորմ, աշխարհ, որը կլինի ավելի առողջ, ապահով և պատրաստ նոր պատուհասը դիմագրավելուն», - ասել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նա հայտնել է նաև, որ կազմակերպությունը տարբեր երկրներ է գործուղել մասնագետների ավելի քան 70 խմբեր, որոնք պետք է տեղում օգնություն տրամադրեն համավարակի տարածումը վերահսկելու, կանխելու, ախտահարվածներին խնամելու, ստուգումների արդյունքները վերլուծելու հարցերում:

Եվրոպայում առավել ախտահարված պետությունների թվում է Հին մայրցամաքի տնտեսության շոգեքարշ, հուսալի բժշկության և սոցիալական համակարգ ունեցող Գերմանիան:

Այս երկրում վարակվել է ավելի քան 148 հազար մարդ, մահացել է ավելի քան 5 հազար մարդ: Ու թեպետ դա ինքնին տխուր փաստ է, Գերմանիայում մահացությունը ոչ մի կերպ չես համեմատի այն աղետի հետ, որը պատուհասել է իսպանացիներին, իտալացիներին, ֆրանսիացիներին և բրիտանացիներին:

Ողբերգական վիճակագրության առումով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ մոտ 850 հազար ախտահարված, 47 և կես հազար մահ: Իսպանիան վարակակիրների թվով արդեն առաջ է անցել Իտալիայից՝ ավելի քան 208 հազար վարակված, ավելի քան 21 հազար 700 մահ:

Իտալիայում՝ ավելի քան 187 հազար վարակված և ավելի քան 25 հազար մահ: Ֆրանսիայում՝ մոտ 160 հազար հիվանդ և ավելի քան 21 հազար մահ: Բրիտանիայում՝ ավելի քան 133 հազար հիվանդ և ավելի քան 18 հազար մահ:

Գերմանիայում այդ երկրների համեմատությամբ իրավիճակն ավելի բարվոք է նախևառաջ շնորհիվ լայնածավալ ստուգումների և վարակակիրներին ու նրանց հետ շփում ունեցածներին հնարավորինս վաղ շրջանում բացահայտելու: Դրան է գումարվում առողջապահության բարձր մակարդակը, ժողովրդի մեծ մասին հատուկ ավանդական կարգապահությունը, մասնագետների խորհուրդներն ու պահանջները լուրջ ընդունելը:

Բայց նույնիսկ Գերմանիայում իշխանությունը կոչ է անում զգոն լինել, չկարծել, թե վտանգն անցել է:

«Ոչ մեկի համար հաճելի չէ սա լսել, բայց սա է ճշմարտությունը՝ մենք այս համավարակի ոչ թե վերջնական, այլ սկզբնական փուլում ենք, մենք այս վիրուսի հետ դեռ երկար ժամանակ պետք է ապրենք», - այսօր Բունդեսթագում՝ Գերմանիայի խորհրդարանում, ասել է կանցլեր Անգելա Մերկելը:

XS
SM
MD
LG