Մատչելիության հղումներ

«Ունենք նոր դեպքերի աճի կայուն տեմպ». առողջապահության նախարարը կոչ է անում չկորցնել զգոնությունը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

«Վերլուծելով վերջին մեկ շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4 տոկոսի սահմաններում», - Ֆեյսբուքում գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում», - նշում է նախարարը՝ շարունակելով. - «Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու»:

Թորոսյանն ընդգծում է՝ հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում:

«Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների», - ասված է նախարարի գրառման մեջ:

Թորոսյանն իր գրառումն ամփոփում է #ՄնաՏանը #ԻնչքանԷլԴժվարԼինի #ՄիևնույննԷՄնա հեշթեգերով:

XS
SM
MD
LG