Մատչելիության հղումներ

Երևանի փողոցներում տեղաշարժի աճ է նկատվում


Երևանի փողոցները սակավամարդ չեն, 20-ը ապրիլի, 2020թ.
Երևանի փողոցները սակավամարդ չեն, 20-ը ապրիլի, 2020թ.

Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում արտակարգ դրության առաջին ամսվա համեմատ ավելի բարձր ակտիվություն է նկատվում. բազմաթիվ անցորդներ, կարմիր լույսի տակ կանգնած մեծաթիվ մեքենաներ, հերթեր, կուտակումներ, այս ամենը չնայած ազատ տեղաշարժի սահմանափակումներին։

Քաղաքի շարժի վերաբերյալ կառավարության ասուլիսների դահլիճում այսօր պարզաբանումներ ներկայացրեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը.- «Հնարավոր է` որոշ ժամերին որոշակի աշխուժություն նկատվի, դա կարող է պայմանավորված լինել նաև վերջին մի քանի որոշումներով, երբ օրինակ` թույլատրվեց բացօթյա շինարարությունը և մի քանի այլ ոլորտների գործունեությունը»:

Սարգսյանի խոսքով՝ առկա շարժը սահմանափակ է, և հնարավոր չէ համեմատել սովորական՝ ոչ համաճարակային օրերի հետ։ Նա կրկնեց կառավարության անդամների կողմից հաճախակի հնչող այն կոչը, որ միայն ոստիկանների վրա հույս դնել պետք չէ, մարդիկ պետք է գիտակցեն, որ կառավարության ձեռնարկած քայլերն իրենց իսկ անվտանգության համար են։

Երևանի փողոցներում ակտիվության մասին բարձրաձայնում էին այդ նույն շարժի մասնակիցները՝ վստահեցնելով իրենք ընդամենը մի քանի րոպեով են դուրս եկել.- «Հենց նոր աղջկաս հետ էի խոսում, ու այդ էինք խոսում, որ շարժը շատ է: Մի կես ժամ էլ չի տևում, ես հաց-մաց վերցնում եմ ու տուն գնում»:

Մյուսներն էլ նշում են` ակտիվ շարժ կա, իրենք կոնկրետ գործով են դուրս գալիս, օրինակ` բանկային:

Արտակարգ դրության ընթացքում անարգել աշխատում են նաև տաքսու վարորդները, նրանք էլ են ակտիվություն նկատել.- «Ոչ մի լավ բան, նույնն է, ոնց կա, տենց էլ մնացել է: Խցանումներ չկան»:

Մի տարեց կին, որը կենտրոնում մաքրություն էր անում, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ աշխատել է ամեն օր և այդ ողջ ընթացքում շարժի պակաս չի նկատել: Կանաչապատման աշխատանքներ իրականացնող մի տղամարդ էլ ներկայիս ակտիվությունից շատ էլ գոհ էր.- «Հա շատ լավ ա, աշխուժանում է քաղաքը, հոյակապ ա»:

Փողոցներում քաղաքացիների ակտիվության ավելացումը կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արձանագրեց նաև փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ դա պայմանավորելով տնտեսական գործունեության որոշ տեսակներ իրականացնելու արգելքը վերացնելու պարետի որոշմամբ.- «Բնականաբար, մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի, աշխատանքից` տուն»:

Փոխոստիկանապետը ուշագրավ տվյալներ ներկայացրեց․ մարտի 16-ից ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում` ազատ տեղաշարժի սահմանափակման օրերին, արձանագրվել է 225 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում զոհվել է 17 մարդ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատահարների թիվը 342 էր, այսինքն` արտակարգ դրության պայմաններում այս ցուցանիշն ընդամենը 34 տոկոսով է պակաս նախորդ տարվանից։

Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ից տնտեսական գործունեության որոշ տեսակներ, այդ թվում` տեքստիլ արդյունաբերությունը և տնտեսական խանութները կվերաբացվեն, այդուհանդերձ նման պաշտոնական որոշում դեռ չկա։ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ հայտնեց, որ պարետատունն այս շաբաթ կտեղեկացնի, թե տնտեսական գործունեության որ տեսակների արգելքը կվերանա:

Սարգսյանն անդրադարձավ նաև կառավարության սոցիալական աջակցության ծրագրերին: Տուժած ոլորտների աշխատակիցներին միանվագ օգնության ծրագրի որոշ շահառուներ նվազագույն աշխատավարձից քիչ գումար են ստանում: Սարգսյանը պարզաբանեց՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ոչ լիարժեք դրույքով են աշխատել կամ էլ գրանցված աշխատող են եղել միայն հունվարին կամ փետրվարին, հնարավոր է` նվազագույն աշխատավարձից ցածր ստանան.- «Որովհետև հաշվարկի կարգը հետևյալն է` մենք տուժած ոլորտի վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը բաժանում ենք 2-ի, այսինքն` ստանում ենք միջին ամսական աշխատավարձը, եթե դա ավելի ցածր է, քան նվազագույն ամսական աշխատավարձը, նա ստանում է այդ չափով աջակցություն»:

Ի դեպ, տուժած ոլորտների ցանկում ավելացել են մարդատար տրանսպորտի ծառայությունները, նախադպրոցական կրթությունը, սպորտային գործունեությունը ու զվարճությունների և հանգստի կազմակերպումը։ Այս 4 ոլորտների շուրջ 8 հազար տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ արդեն կարող են դիմել իրենց հասանելիք աջակցությունը ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG