Մատչելիության հղումներ

Չնայած համաճարակին Իսրայելում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել


Կիրակի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում բազմամարդ հանրահավաք է կայացել, որի մասնակիցները պահանջել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը:

Չնայած կորոնավիրուսի համաճարակին Թել Ավիվի քաղաքապետարանի առջև շուրջ երկու հազար մարդ է հավաքվել, որոնք, սակայն, ամեն կերպ փորձել են պահպանել սոցիալական տարածությունը և ցույցին ներկայացել են բժշկական պաշտպանիչ դիմակներով: Բողոքի ակցիայի մասնակիցները Նեթանյահուին մեղադրում են կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու և երկրի ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար:

«Մենք պայքարում ենք հանուն կենսական նշանակություն ունեցող մի երևույթի, որի անունն է իսրայելական ժողովրդավարություն: Բացի այդ, մենք վրդովված ենք, թե որքան փնթիորեն է Նեթանյահուի կառավարությունը պայքարում կորոնավիրուսի համաճարակի դեմ»,- հայտարարում էր ցույցի կազմակերպիչներից մեկը` ընդդիմադիր գործիչ Յաիր Լապիդը:

Պաշտոնական տվյալների համաձայն` Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 13 հազար դեպք է արձանագրվել, 172 մարդ մահացել է: Մարտի սկզբին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Իսրայելում նոր կառավարություն չի ձևավորվել: Իշխող «Լիկուդ» կուսակցությունը, սակայն, այժմ բանակցություններ է վարում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, որի ղեկավարությունը կրկին պետք է ստանձնի Բենյամին Նեթանյահուն:

XS
SM
MD
LG