Մատչելիության հղումներ

Կարանտինի պայմաններում Հայաստանում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը


Հայաստանում արտակարգ դրության օրերին ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Սա ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է փաստում, այլև հասարակական կազմակերպությունները։ Խիստ սահմանափակումները տանը մնացած կանանց, երեխաներին ու ծերերին ավելի խոցելի են դարձրել։

Վերջին մեկ ամսվա ընթացքում օմբուդսմենի գրասենյակը ընտանեկան բռնության վերաբերյալ 13 ահազանգ է ստացել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 5 էր, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայում այս ընթացքում ահազանգերն աճել են շուրջ 30 տոկոսով։

«Մենք ունենք դեռևս վերապահում, որովհետև դա ամբողջական պատկերը չի ցուցադրում, մենք գիտենք, որ կանայք կան, որոնց համար մատչելի չէ նույնիսկ հեռախոսազանգ կատարելը»,- ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը:

Բռնության ենթարկված կանայք հիմա անելանելի վիճակում են, բռնարարից փախչելու, օրինակ` մարզից Երևան՝ ապաստարան տեղափոխվելու կամ էլ կապ հաստատելու հնարավորություն չունեն, ասում է Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը.- «Մի դեպքում դեղատան բարեխիղճ աշխատողը, և չգիտենք` որտեղից է աշխատողն ունեցել մեր թեժ գիծը, զանգել, զգուշացրել է, որ էսպիսի կին կա դեղատանը: Մեր աշխատակիցը մոտեցել է, տեղափոխել ենք կացարան, մյուս դեպքում կինը մարզից ոտքով քայլելով եկել է Երևան, որովհետև տրանսպորտ չկար: Հենց այդպես իր պատմելով` ինքը մտածում էր, որ քայլելով կհասնեն մի կետի, որտեղ ոստիկան կհանդիպեն»:

Նկատում է՝ պետական մարմիններն անպատրաստ են հատկապես արտակարգ դրության պայմաններում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցելու հարցում.- «Ոստիկանությունը, ովքեր ծառայություն էին իրականացնում, այդ կնոջը ուղիղ պատասխանել են՝ դու պետք է վերադառնաս և քո տարածքի բաժնում բողոք ներկայացնես: Ինչպե՞ս եք պատկերացնում, կինը, որ շրջանից հասել է Երևան, և վերջապես մի ոստիկան է հանդիպել, ինքը ո՞նց պիտի նորից առանց տրանսպորտի վերադառնա մարզ»:

Կանանց աջակցման կենտրոնի ապաստարան այս ընթացքում 2 կին է տեղափոխվել, երկուսն էլ հոգեբանական ծանր վիճակում են, պատրաստ չեն խոսելու իրենց հետ կատարվածի մասին, անգամ կադրից դուրս: Կանայք տարիներ շարունակ բռնության են ենթարկվել։ Հիմա նրանց հետ հոգեբաններն են աշխատում։

«Երկար տարիներ ապրել են մի միջավայրում, որտեղ իրենց որպես մարդ չեն վերաբերվել, այսինքն` այս կանայք զուտ գործիք են եղել աշխատանքային իրենց ընտանիքներում, աշխատել են, գումարը ձեռքներից վերցրել են և ընդհանրապես ոչ կարծիք են հաշվի առել, որպես մարդ չեն դիտարկել»,- նշում է Կանանց աջակցման կենտրոնի սոցիալական աշխատող Նարինե Մանուկյանը:

Դեռևս պաշտոնական թվեր չկան, թե արտակարգ դրության պայմաններում ընտանեկան բռնության քանի դեպք է արձանագրվել։ Կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինի պայմաններում աշխարհի, այդ թվում` եվրոպական երկրներում պետական մակարդակով են խոսում ընտանեկան բռնությունների թվի աճի մասին։

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով՝ ոստիկանությունում ահազանգերը գրեթե նույնն են, պաշտոնյայի տեղեկացմամբ՝ կնասպանության դեպքեր այս ժամանակահատվածում չեն արձանագրվել.- «Կա, տեսակետ, որ բռնության զոհերն այս օրերին դժվարանում են զանգահարել ու տեղյակ պահել, քանի որ բռնարարն իրենց կողքին է գտնվում: Չեմ կարող համաձայնել այդ մտքի հետ, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ահազանգերի հիմնական մասը, որ գալիս են ոստիկանություն, երբ որ դեպքի վայր է մեկնում օպերատիվ խումբը, տանը լինում է բռնարարը հիմնականում»:

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավարը համոզված է՝ ոստիկանությունում ահազանգերի քիչ լինելը օրենսդրական բացի հետևանք է. իրավապահները մեծ մասամբ նախազգուշացմամբ են սահմանափակվում.- «Սահմանափակ վիճակում, երբ մարդիկ տեղաշարժվելու իրավունք չունեն, զանգեն ոստիկանություն, ոստիկանությունը շարունակի կիրառել նախազգուշացում, և կինը շարունակի մնալ բռնարարի հետ նույն տարածքում, սա ևս շատ բարձր ռիսկ է կանանց համար»,- շեշտում է Հասմիկ Գևորգյանը:

Հայաստանում 1043 հոգի հաշվառված է որպես բռնարար, ուշագրավ է, որ նրանցից 121-ը, ըստ ոստիկանության, կանայք են, 3-ն էլ` անչափահաս։

XS
SM
MD
LG