Մատչելիության հղումներ

«Արտակարգ դրության հայտարարման հիմնական պատճառները չեն վերացել». Տիգրան Ավինյան


«Արտակարգ դրության հայտարարման հիմնական պատճառները չեն վերացել», - խորհրդարանի ամբիոնից երկարաձգումը պատճառաբանեց փոխվարչապետ, նաև պարետ Տիգրան Ավինյանը:

Չնայած վարչապետ Փաշինյանը եկել էր Ազգային ժողով, բայց պատգամավորների հարցերին պատասխանողն Ավինյանն էր։

Կառավարությունը 30 օրով՝ այսօրվանից մինչև մայիսի 14-ը կորոնավիրուսի կանխարգելման նկատառումներով երկարաձգեց արտակարգ դրության ժամկետը:

Հենց այդ որոշումից հետո իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ, պատգամավորներին ներկայացվեց իրավիճակը։ Եթե որևէ միջոցառում չձեռնարկվեր, ըստ Ավինյանի, մայիսի կեսերին բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ կորոնավիրուսով:

«Բաժանել ենք գործողությունները հիմնականում չոր փուլերի, մենք երրորդ փուլում ենք, որը ենթադրում է ավելի ինտենսիվ տեղորոշման գործիքակազմի օգտագործում, խիստ սահմանափակումներ և թեստավորման ծավալների աճ», - ասաց փոխվարչապետը:

Ապրիլին կպահպանվեն տեղաշարժի սահմանափակումները, օտարերկրացիների մուտքը կլինի արգելված, չի աշխատի հանրային տրանսպորտը, այդ թվում՝ միջմարզային, մետրոն, բայց կթույլատրվեն այս օրերին արգելված տնտեսական գործունեության որոշակի տեսակներ, օրինակ՝ ծխախոտի ու շինանյութի արտադրությունը, շինարարությունը:

Պարետի գնահատմամբ՝ սահմանափակումները էֆեկտիվ են, կարող են խստացվել կամ թուլացվել՝ կախված յուրաքանչյուր շաբաթվա դինամիկայից: Օրինակ՝ ավելի խիստ վտանգի դեպքում առանձին համայնքներում չբացառեց պարետային ժամը: Ինչ է սպասվում հայաստանցիներին վատթար, ինչ՝ բարենպաստ սցենարի դեպքում, երբ մեկ օրում բուժվածները ավելի շատ կլինեն, քան՝ վարակվածները։

«Եթե մեզ հաջողվի մեկից նվազեցնել, նվազ պահել, շարունակել նվազ պահել վարակի տարածման դինամիկան, կվերանայվեն սահմանափակումները և կանոնների թեթևացման ուղղությամբ մենք կրկին կշարունակենք շարժվել և կշարունակենք կրկին ընդլայնել թեստավորման քանակը, ինչպես նաև բարելավել տեղորոշման գործիքները: Եթե վարակի տարածման դինամիկան բարենպաստ սցենարով ընթանա, կարծում եմ, նույնիսկ քննարկելի է սահմանափակումների հանումները, առհասարակ կհանվեն սահմանափակումները և կշարունակվի շփումների շրջանակի բացահայտումը, թեստավորումը», - ասաց Ավինյանը:

Անցած շաբաթվա սկզբից գործարկված քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգին անդրադարձավ․ հավելվածի տեղեկատվությունը վերլուծելու արդյունքում, ըստ Ավինյանի, 4 վարակակիրներ են հայտնաբերվել:

Արտակարգ դրությունը երկարաձգել-չերկարաձգելու հարցը կրկին բանավեճի առիթ դարձավ: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանը պնդում է՝ օրենքը թույլ չի տալիս Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրությունը 30-օրյա ժամկետից հետո երկարաձգել:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը վարկերի ու դրանց տոկոսների մասին հարց բարձրացրեց՝ վարկային արձակուրդ որոշ բանկեր տվել են, բայց տոկոսները մեկ է մուծելու են:

«Ստացվում է, որ տոկոսային և վարկային բեռի նվազում չի լինելու», - նշեց Աբովյանը:

«Այս փուլում դեռևս վաղ է որևէ տոկոսների չեղարկման մասին խոսելը որևէ տիպի, որովհետև պետք է հասկանալ՝ եթե մենք ուզում ենք առհասարակ բոլոր տոկոսներն, օրինակ, չեղարկել, այն ավանդատուների տոկոսներն էլ ենք չեղարկելո՞ւ, այն անձանց, ովքեր փողերը դրել են իրենց բանկերում և ակնկալիք են ունեցել տարվա վերջում իրենց տոկոսները ստանալու, որովհետև սա միակողմանի խնդիր չէ», - պատասխանեց Ավինյանը:

Նաիրա Զոհրաբյանը չգրանցված, օրավարձով աշխատողների հարցը բարձրացրեց: Ավինյանը նախ հայտարարեց, որ նրանք կարող են օգտվել կառավարության ընդունած մինչև 18 տարեկան երեխաներին աջակցության և կոմունալ վարձերի մասամբ փոխհատուցման ծրագրերից։

«Ճիշտ կլինի տնտեսվարողի հետ միասին այդ աշխատակիցները տան ցանկ անձանց շրջանակի, ովքեր որ գրանցված չեն եղել տվյալ տնտեսվարողի մոտ և հետագայում կոմպլեքս ինչ-որ մի հատ լուծում գտնենք կառավարությունով, որովհետև պարզ է, այո, այդ անձանց շրջանակը մեծ է, չենք գնալու բոլորին փակենք դրա համար, բայց գոնե պատկերը պետք է տեսնենք», - արձագանքեց փոխվարչապետը:

«Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում էր չեղարկել արտակարգ դրության ռեժիմով նախատեսված որոշակի սահմանափակումներ, մասնավորապես՝ մետրոյի աշխատանքը վերականգնել, ավտոբուսներով ուղևորափոխադրումները, թույլատրել միջմարզային տրանսպորտի աշխատանքը, տնտեսական գործունեության որոշակի տեսակների աշխատանքը՝ այդ ամենը համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ։

Օրվա վերջում առաջարկը չընդունվեց, դեմ էր իշխանական մեծամասնությունը: Քվեարկությունից րոպեներ առաջ էլ բանավեճ ծավալվեց Ազգային ժողովի նախագահի և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի միջև:

«Մեր գործընկերները հաճախ մեզ իրավաբանության դասեր են տալիս՝ մագիստրատուրայի չգիտեմ որ կուրսի մակարդակին հղում անելով, բայց այս դեպքում, ցավում եմ, սա պահպանված չի: Այնուամենայնիվ, որպեսզի այնպես չլինի, որ մենք որևէ արգելք ենք հարուցում մեր գործընկերների լիազորությունների, իրավասությունների իրականացմանը, այնուամենայնիվ, կքվեարկենք այս նախագիծը», - նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Նախորդ որոշման հավելվածներում գրված է, որ արգելված է էս, էս, էս, մենք էլ ասում ենք՝ հարգելի կառավարություն և քաղաքական մեծամասնություն, թույլ տվեք սա, սա, սա: Այսինքն՝ ինքն ամբողջությամբ համապատասխանում է: Եթե չի համապատասխանում, մի դրեք քվեարկության, որովհետև խորհրդարանն իրար լավություն անելու տեղ չի», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Քվեարկության է դրվում միայն արտակարգ դրությունը կամ դրա որոշակի միջոցառումներ չեղարկելու հարցը, իսկ արտակարգ դրություն հայտարարելու կամ երկարաձգելու կառավարության որոշումը քվեարկության ենթակա չէ։

XS
SM
MD
LG