Մատչելիության հղումներ

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանավորվել է Շիրակի մարզի բնակիչը


Գյումրիում երկու ոստիկաններին դանակահարելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին, նա կալանավորվել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

ՔԿ հաղորդագրությունում նշված է, որ 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան՝ կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

«Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչները՝ երկու եղբայր, «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհ փողոցից երթևեկելով, մուտք են գործել «Հայուհու» հրապարակ, որտեղ վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, հիշյալ ավտոմեքենան ոստիկանի կողմից կանգնեցվել է: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը: Սակայն նշված ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից, ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին և սկսել դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին», - նշված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենայի ուղևորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG