Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կիրականացվի կարանտինի ռեժիմի թուլացման եռափուլ ծրագիր


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 16 ապրիլի, 2020թ.

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է նահանգներում կարանտինայի ռեժիմը թուլացնելու եռափուլ ուղեցույցը, որը նահանգապետերին կտա կորոնավիրուսի համավարակի պայմաններում տուժած տնտեսությունն աստիճանաբար վերականգնելու հնարավորություն:

Ապրիլի 17-ի առավոտյան դրությամբ Միացյալ Նահանգներում ախտահարվածների թիվը գերազանցել է 678 հազար 200-ը, համավարակից մահացել է մոտ 34 հազար 600 մարդ, ապաքինվել է շուրջ 58 հազար հիվանդ:

Թրամփն ասել է, որ երկարատև կարանտինը սպառնում է հանրությանը և տնտեսությանը:

«Մենք մտադիր չենք ամեն ինչ միանգամից բացել, մենք դա կանենք քայլ առ քայլ և մեծ զգուշավորությամբ, որոշ նահանգներ մյուսների համեմատությամբ ավելի բարվոք վիճակում են: Հիմա մենք անցել ենք նոր դեպքերի պիկը և սկսում ենք աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին, մենք սկսում ենք մեր տնտեսության վերականգնումը, դա կանենք ապահով և պատասխանատու եղանակով»,- ասել է Թրամփը:

Այդ ծրագրով ենթադրվում է, որ հիմնարկների գործունեությունը վերականգնելուց առաջ ամերիկյան հիվանդանոցները պետք է իրականացնեն կորոնավիրուսի լայնածավալ ստուգումներ, այդ թվում` հենց բուժհիմնարկներում աշխատողների մոտ հակամարմինների առկայության թեստեր:

ԱՄՆ կառավարությունը բնակչությանը հորդորում է հետևել սոցիալական հեռավորության և անձնական հիգիենայի կանոններին:

XS
SM
MD
LG