«Կոշ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) նախկին պետի կողմից առերևույթ կաշառք ստանալու, հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Քրեական գործը Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է անցած տարվա հուլիսի 25-ին, հետագայում քննչական ենթակայության կարգով փոխանցվել Հատուկ քննչական ծառայությանը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ն նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու դիմաց միջնորդավորված ձևով՝ այլ անձի օժանդակությամբ խոշոր չափերով կաշառք է ստացել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, քրեական աշխարհում և դատապարտյալների շրջանում հեղինակություն ունեցող Հ.Կ-ից»: «Մասնավորապես, պարզվել է, որ Հ.Կ.-ի նախաձեռնությամբ վերջինիս ծանոթ, նույն քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Ա.Հ.-ն, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ի հետ 2019թ. սեպտեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գործող մի ավտոլվացման կետում հանդիպել է վերջինիս և նրա ավտոմեքենայում փոխանցել կաշառքի գումարը՝ 700 000 ՀՀ դրամը: Դրանից անմիջապես հետո երկուսն էլ բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից», - ասված է Դատախազության հաղորդագրությունում:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Լ.Բ.-ն 2018-ի մարտին ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնում նշանակել է իր հարևանին՝ նրան վերապահելով քրեակատարողական հիմնարկի ծառայողական ավտոմեքենայի շահագործումը, սակայն նրան բանավոր ցուցում է տվել պահպանության ապահովման բաժին աշխատանքի հաճախելու փոխարեն կատարել իր անձնական հանձնարարությունները և լինել իր անձնական վարորդը։ 2018-ի մարտից մինչև 2019-ի սեպտեմբերը տվյալ անձի անվամբկեղծ փաստաթղթերի հիման վրա հաշվարկվել և նրա քարտային հաշվին որպես աշխատավարձ և պարգևավճար փոխանցվել է ընդհանուր 2.4 միլիոն դրամ։ «Այդ կերպ վատնման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով պետական միջոցները», - նշված է հաղորդագրությունում:
Նկարագրված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այն հետագայում փոխարինվել է գրավով, որը բողոքարկվել է վճռաբեկության կարգով։ Ընդ որում, որպես վնասի հատուցման միջոց՝ քրեական գործով կալանք է դրվել նրա անշարժ գույքի և ավտոմեքենայի վրա:
Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս երկու անձի՝ նույն ՔԿՀ դատապարտյալ Հ.Կ.-ին և նախկին դատապարտյալ Ա.Հ.-ին։
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: