Մատչելիության հղումներ

ՊԵԿ. Բացահայտվել է բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 37 մլն դրամ հարկը չվճարելու դեպք


ՊԵԿ շենքը Երևանում

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է իրական շահառուի կողմից բիզնեսը տարանջատելու և առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու, դրա հետևանքով պետությանը ավելի քան 37 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին:

ՊԵԿ օպերատիվ և քննչական ստորաբաժանումների աշխատակիցների օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ քաղաքացի Հ.Կ.-ն, տնտեսական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում առաջացող հարկերը չվճարելու դիտավորությամբ իր և մտերիմների անուններով գրանցել է 5 կազմակերպություն ու զբաղվել ապրանքների ներկրմամբ (եգիպտացորեն, ցորեն, գարի, բրինձ)», - ասված է հաղորդագրությունում: «Հարկման ընդհանուր համակարգից խուսափելու նպատակով Հ.Կ.-ն, համագործակցելով տարբեր անձանց հետ, իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը տարանջատել է մի քանի մասի և դրանք կազմակերպել իր կողմից փաստացի ղեկավարվող տարբեր ընկերությունների անուններով: Այդ եղանակով պայմաններ է ստեղծել հարկային հսկողությունից հնարավորինս աննկատ գործելու համար», - փոխանցում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Պարզվել է, որ Հ.Կ.-ին փաստացի պատկանող ընկերությունների միջոցով 2019թ. կեսերից մինչև 2020թ. փետրվար Հայաստան են ներկրվել տարբեր ապրանքանյութական արժեքներ: Խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները՝ մինչև ապրանքները ՀՀ պետական սահմանը հատելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ չեն կազմվել և հարկային մարմին չեն ներկայացվել օրենքով սահմանված, ներմուծման հարկային հայտարարագրերը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է 37 մլն 320 հազ. 102 դրամ գումարի չափով վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Հարուցվել են քրեական գործեր, ՊԵԿ քննչական վարչությունում կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավար անձանց գործողությունները փաստացի կազմակերպվել ու ղեկավարվել են միևնույն անձի կողմից: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նշված անձի կողմից նույնատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ առնչության վերաբերյալ: Հ.Կ.-ին և նրա հետ համագործակցած անձանց մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, գործով նախաքննությունը շարունակվում է, հաղորդում է ՊԵԿ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG