Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում


Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ին, Սեուլ, 30-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի դեմ հաջողած պայքարի ֆոնին Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել: Նախագահ Մուն Ջե Ինի գլխավորած քաղաքական ուժը ստացել է Ազգային ժողովի 300 մանդատներից 180-ը, 108 մանդատ բաժին է հասել ընդդիմադիր դաշինքին:

«Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը նախկինում էլ ամենաուժեղ քաղաքական ուժն էր խորհրդարանում, սակայն չուներ բացարձակ մեծամասնություն:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ խորհրդարանական ընտրություններն ընկալվում էր որպես հանրաքվե համաճարակի դեմ պայքարի հարցով: Քվեարկությանը մասնակցության ակտիվությունը կազմել է ավելի քան 66 տոկոս, ինչը ռեկորդային թիվ է վերջին 28 տարվա ընթացքում: Հաղորդվում է, որ ընտրողներն ընտրատեղամասեր են ներկայացել դիմակներով, նրանց ջերմությունը չափել են, ապա պահանջել ձեռքերն ախտահանել, հագնել ռետինե ձեռնոցները, ինչից հետո ստանալ քվեաթերթիկը և քվեարկել:

Հարավային Կորեայի առողջապահական համակարգին հաջողվել է արագ և արդյունավետ արձագանքել համաճարակին՝ զանգվածաբար թեստավորելով մարդկանց և վաղ հայտնաբերելով վարակակիրներին: Համաճարակի գագաթնակետն այդ երկրում փետրվարին էր, երբ օրական վարակվում էր 900 մարդ, ներկայումս այդ թիվը հասել է առավելագույնը 50-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG