Մատչելիության հղումներ

Այս դժվար օրերին ոստիկանները կրկին առաջնագծում են, շեշտում է Հայաստանի նախագահը


Արմեն Սարգսյանը տեսակապով շնորհավորել է Ոստիկանության ղեկավարությանը և աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

Ոստիկանի համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի, հարգանք՝ սեփական պետության, պետականության, կարգուկանոնի հանդեպ: Այս մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ տեսակապով շնորհավորելով Ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ:

«Ձեր աշխատանքն այդքան էլ պարզ չէ. այն ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ, և,՛ միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, ուշադրությունը, որովհետև շատ հաճախ դուք առաջինն ենք լինում այն վայրերում, որտեղ մարդիկ ոչ թե օրենք են խախտել, այլ ընդհակառակը՝ օգնության կարիք ունեն։ Հույս ունեմ, ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանության բոլոր աշխատակիցները պատվով են կատարում իրենց վրա դրված մեծ պարտականությունը», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ համավարակով պայմանավորված այս դժվար օրերին ոստիկանները կրկին առաջնագծում են: «Բոլորս էլ գիտենք՝ համավարակի բժշկական, առողջապահական լուծումը դեռ չկա, չկան պատվաստանյութեր, որոնք կօգնեն քաղաքացիներին, ուստի պայքարի ձևը մնում է սոցիալական հեռավորություն պահելը: Կարևոր է, որ մեր հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի լինի կարգապահ, կազմակերպված և պատասխանատու: Ձեր գործընկերներից շատերն այս պայքարի առաջնագծում են», - ասել է նա՝ հավելելով. - «Տեղյակ եմ, որ ձեր և մեր գործընկերներից մի քանիսն իրենց պարտականությունները կատարելիս վարակվել են կորոնավիրուսով։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ կողմից նրանց բոլորին առողջություն մաղթեք և ասեք, որ շատ բարձր ենք գնահատում նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունը և իրենց պարտականությունները պատվով կատարելը: Նրանք իրենց կյանքը, առողջությունը վտանգել են քաղաքացիներին հիշեցնելու համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը կարգապահությունն է»:

Նախագահը կարևորել է Ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը: «Այսօր ունենք և, հույս ունեմ, ապագայում էլ շարունակելու ենք ունենալ Ոստիկանություն, որի նկատմամբ մեր քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք և ոստիկանի կերպարի մեջ տեսնելու է ոչ միայն օրենքի պաշտպանին, այլ նաև այն անձին կամ անձանց, որոնք նրան աջակից են լինելու դժվարության պահին», - նշել է Արմեն Սարգսյանը:

Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի, մաղթանքների ու գնահատանքի համար: Արման Սարգսյանը հավաստիացրել է, որ հատկապես համավարակի օրերին ոստիկանության ողջ անձնակազմը պատշաճ կերպով և բարձր պատասխանատվությամբ է իրականացնում ծառայությունն օրենքին և ժողովրդին:

«Այս համավարակի օրերին ոստիկանության հատկապես կրտսեր խմբի ծառայողները մեզ համար բացահայտեցին դաստիարակված, քաղաքակիրթ ոստիկանի կերպարը: Մենք շնորհակալության խոսքեր ենք ստանում նրանց պահվածքի համար: Եվ սա դառնալու է աշխատաոճ բոլորի համար», - ասել է ոստիկանանպետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG