Մատչելիության հղումներ

Ժողովրդավարական գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանը. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորում է Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, «որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը»: «Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին», - ասված է երեկ ուշ երեկոյան հրապարակված հայտարարությունում:

«Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմափակման:

Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների 88 տոկոսով հաղթանակ է տարել Արայիկ Հարությունյանը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցկացվել էին մարտի 31-ին:

XS
SM
MD
LG