Մատչելիության հղումներ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ


Արցախում այսօր ամփոփեցին համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթող չկա, կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ՝ պայքարելու են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, ամենից շատ ձայն է հավաքել Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժը՝ 40,4 տոկոս, երկրորդ տեղում է Սամվել Բաբայանի գլխավորած ուժը՝ 23,6 տոկոս:

«Ոչ մեկը թեկնածուներից չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50 տոկոս պլյուս 1 ձայնը, ինչը նշանակում է, որ Արցախի Հանրապետությունում պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ: Համաձայն ընտրական օրենսդրության՝ երկրորդ փուլը տեղի է ունենում 14 օր հետո ընտրությունների քվեարկության օրվանից, այսինքն՝ այս դեպքում ապրիլի 14-ին», - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:

«Ես ժամանակին հայտարարել եմ՝ այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը՝ սոցիալ-տնտեսական Արցախի զարգացման, անվտանգության, և կա նաև մի պայման, կարևոր պայման, որը ես հայտարարել եմ դեռ 2019 թվականի մայիսի 18-ին, ի դեպ, մի քանի հայտարարություն եմ արել, որ Արցախը Հայաստան է և վերջ, որ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ և միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն՝ դա ղարաբաղյան խնդիրն է, իսկ փառք Աստծու, այսօր որևէ տարաձայնություն չկա, գոնե մեր քաղաքական ուժի և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների: Դրա համար այս սկզբունքը պահպանվում է: Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակներում, մենք համագործակցելու ենք», - ասաց ԼՂ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Դիտորդական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում էին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները:

«Այսօրվա տվյալները, որը մենք այսօր ունենք, արտացոլում են այն պատկերը, որը արցախցին ձևավորել է քվեարկության միջոցով: Ենթադրում ենք, որ գալիք երկրորդ փուլը կլինի է՛լ ավելի լավ, է՛լ ավելի լավ կազմակերպված», - նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստանյան երկու կազմակերպություն նույնպես իրականացնում էր դիտորդական առաքելություն: «Իրազեկ քաղաքացիների միավորում» դիտորդական առաքելության ներկայացուցիչները այսօր խոսեցին ընտրությունների ժամանակ տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի իրականացրել երկարաժամկետ դիտորդական առաքելություն, սակայն այն իրականացվել է մեր գործընկեր «Ականատես» կազմակերպությունների դաշինքի կողմից, որը մտահոգություն էր բարձրացրել՝ կապված վարչական ռեսուրսի օգտագործման և քարոզչությամբ զուգորդվող բարեգործության հետ: Քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ կապված բարեգործության մասին ահազանգեր մեզ նաև հայտնել են մեր բազմաթիվ զրուցակիցներ: Այս հանգամանքները, ըստ էության, հիմք են տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել են Ընտրական օրենսգրքով չնախատեսված, արգելված ներգործություններ: Սակայն նկարագրված երևույթների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության գնահատման համար կարևոր հանգամանք են տեղամասերում քվեարկության գաղտնիության պահպանման հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես՝ առավել մտահոգիչ տրամաբանական եզրահանգումների հիմք է տալիս այն լույսի ներքո, որ ընտրողների կողմից սեփական քվեաթերթիկները լուսանկարելու, և այդ դեպքերի հետ կապված հանձնաժողովի նախագահների կողմից, ըստ ամենայնի, հրահանգավորման հիման վրա ոստիկաններին չդիմելու լույսի ներքո այդ երևույթներն առավել մտահոգիչ են դառնում», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն էլ միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են ընտրությունները։

XS
SM
MD
LG