Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումներն ավելանում են. դատախազություն

Շիրակի մարզում նախորդ տարի արձանագրվել է ՃԵԿ խախտումների 209 դեպք, որոնց հետևանքով մահացել են 19 անձ, մարմնական վնասվածքներ ստացել 306 անձ:

Ընդ որում՝ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 47 դեպք, որը 4-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիկ տարվա 3 ամիսներին 14%-ով ավելացել է ՃԵԿ խախտումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ (2019թ. 64 անձ, 2020թ.՝ 73):

Դատախազությունից հայտնում են, որ անհանգստացնող է այն հանգամանքը, որ ՃԵԿ խախտումներում ավելանում է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերի տեսակարար կշիռը:

Եթե 2019թ. առաջին եռամսյակում հայտնաբվերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 99 դեպք, ապա 2020թ.՝ 149 կամ մոտ 50%-ով ավելի:

Խիստ մտահոգիչ է նաև արագության գերազանցման հետևանքով առաջացող պատահարների կտրուկ՝ շուրջ 5 անգամ աճը:

«ՃՏՊ դեպքերով վերոնշյալ միտումները պայմանավորված են նախ՝ վարչական իրավախախտումների նախականխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելու, ՃՈ աշխատակիցների վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, գիշերային ժամերին, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ-ների վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու հանգամանքներով», - նշում են դատախազությունից` հավելելով, որ նպաստող հանգամանք է նաև այն, որ Գյումրիի, Արթիկի և Մարալիկի կենտրոնական հրապարակներում, Գյումրիի՝ մի քանի փողոցներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ՝ երբեմն մրցակցելով, կամ չեն եթարկվում լուսացույցի ազդանշաններին:

Այս հանգամանքների վրա ուշադրությունը հրավիրելու և դրանցից բխող միջոցառումներ իրականացնելու նպատակով 2019թ. երկու անգամ Շիրակի մարզի դատախազության կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությանը: Սակայն ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերը ավելացել են:

Ելնելով առկա իրավիճակից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրեր է հասցեագրել ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին և մարզպետին՝ իրենց իրավասության շրջանակներում հնարավորինս օպերատիվ կերպով նախաձեռնելու ՃՏ պատահարների, հանցագործությունների կատարմանը նպաստող վերոնշյալ պատճառների վերացմանը, կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն ներգրավվելու դրանց քննարկմանը:

XS
SM
MD
LG