Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 44-ով, փաստացի բուժվում են 797-ը


Մեկ օրվա ընթացքում Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 44-ով՝ հասնելով 1111-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Եվս մեկ մարդ է մահացել, այսպիսով՝ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 17 հիվանդ։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ 66-ամյա հիվանդը բուժվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ուներ ուղեկցող հիվանդություններ.- «Ունեցել է կորոնավիրուսային հաստատված հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի ծանր թոքաբորբ, բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն` սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Որոշում է կայացվել կատարել ստորին վերջույթների ամպուտացիա։ Եվ ցավոք, այդ միջամտություններից հետո էլ վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»:

Նիկողոսյանի փոխանցմամբ՝ անցած մեկ օրում կատարվել է 779 թեստ.- «Վերջին 4 օրերի ընթացքում թիվը տատանվում է մինչև 700-ի շրջանակներում, այսինքն` մենք օրվա ընթացքում բազմաթիվ հետազոտություններ ենք կատարում, ու 779-ից 44-ն է միայն հաստատված դեպքերի թիվը»:

Այսօրվա տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից ապաքինվել է 32 մարդ, ընդհանուր թիվը հասել է 297-ի: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում փաստացի բուժվում է 797 մարդ: Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի` իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 9 հազար 95 է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում ասաց՝ համաճարակի մարման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկարատև ժամանակագրությամբ ավելի շատ դուրս գրում, քան նոր դեպքեր լինեն։ Երեկ, օրինակ, առաջին անգամ առողջացածների թիվը գրեթե կրկնակի ավելին էր նոր հայտնաբերված դեպքերից, բայց այսօրվա վիճակագրությամբ՝ հիվանդացողների թիվը ավելին է ապաքինվածներից։

«Եթե ռետրոսպեկտիվ հետ ենք նայում, այսինքն` թե քանի օր առաջ ենք ունեցել մեծ թվով ընդունելություն կամ հաստատված դեպքեր, ապա կտեսնենք, որ աստիճանաբար առողջացածների թիվը պետք է մեծանա, քանի որ եղել են օրեր, երբ մենք ունեինք միանգամից 50, մինչև 95 նոր հաստատված դեպք, և հետևաբար մոտավորապես հենց այդպես էլ պետք է լինի առողջացումները, իհարկե մի փոքր ոչ ուղիղ կապով, որովհետև մենք հաճախ ենք տեսնում դեպքերը, երբ որ 14-րդ օրը կրկին քաղաքացիների մոտ հաստատվում է` նորից դրական, վիրուսի առկայությունը»,- նշեց նախարարը:

Վերջինս հայտարարեց` ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում: Օրեր առաջ Արսեն Թորոսյանն ասել էր, թե 1-2 տարի նախկին կյանքին չենք կարող վերադառնալ: Թորոսյանը հաստատեց` նկատի ունի այն, որ 1-2 տարի պետք է ապրել ձեռնոցներով, դիմակներով և պահպանել սոցիալական հեռավորությունը.- «Այսինքն` կա մեծ հավանականություն, որ աշնանը` ցրտերն ընկնելուն պես, տարբեր երկրներում տարբեր սեզոններում կրկին կվերսկսվեն բռնկումները, որովհետև վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում իսպառ չի վերանա, ինչպես լինում է նաև շատ այլ վիրուսների դեպքում: Եվ առնվազն մյուս աշուն-ձմեռ և գարնան սկիզբ սեզոնը մենք հավանաբար, եթե կտրուկ գիտական փոփոխություններ չլինեն դեղի կամ պատվաստանյութի մասով, կրկին այս մարտահրավերի առաջ ենք լինելու»:

Թորոսյանը նաև տեղեկացրեց՝ աշխարհում եղել են դեպքեր, երբ ապաքինվելուց հետո հիվանդի մոտ կորոնավիրուսը կրկին գլուխ է բարձրացրել.- «Իհարկե, եղել են նկարագրված դեպքեր, երբ դուրս գրված քաղաքացիների մոտ կրկին հաստատվել է վիրուսի առկայությունը, սակայն այդ դեպքերը շատ էպիզոդիկ են, և նաև կասկած կա, թե արդյո՞ք դուրս գրվելու պահին ճիշտ է կատարվել հետազոտությունը, և նրանք հենց դուրսգրման պահին չի, որ եղել են դրական, պարզապես սխալ պատասխանի պատճառով են դուրս գրվել, թե՞ ինչ-որ ժամանակ հետո նրանց մոտ տեղի է ունեցել կրկնավարակ՝ ռեինֆեկցիա: Այդ հարցի պատասխանը դեռ վերջնականապես չկա»:

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում առողջապահության նախարար Թորոսյանը հարցին, թե արդյո՞ք ապաքինվելուց հետո այս հիվանդությունը հետևանքներ թողնում է, պատասխանեց՝ այս, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված մի շարք հարցեր դեռևս ուսումնասիրման փուլում են։

XS
SM
MD
LG