Եվրոպայում, հետևելով Իսպանիային և Ավստրիային, Իտալիան ևս վերաբացել է առևտրի որոշ ճյուղեր:
Դրանք առայժմ շատ սահմանափակ են՝ թույլատրվել է բացել գրախանութները, գրենական և գրասենյակային պիտույքների, ինչպես նաև մանկական զգեստների խանութները: Որոշ նահանգներում զգուշություն են պահպանել, անգամ այս թույլ քայլերին չեն գնացել:
Պարենային ապրանքների խանութները չէին փակվել, բայց սուպերմարկետներ մտնող մարդկանց ջերմությունը նոր են սկսել ստուգել:
Իտալիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկն է. այստեղ կորոնավիրուսի 162 հազարից ավելի դեպք է արձանագրվել, մահացել է ավելի քան 21 հազար մարդ:
Նախօրեին Ավստրիայում հազարավոր խանութներ են վերաբացվել, իսկ Իսպանիայում թույլատրվել է շինարարական և արդյունաբերական որոշ ճյուղերի աշխատանքը: