Մատչելիության հղումներ

Բերնի Սանդերսը կոչ է անում ամերիկացիներին միավորվել Ջոզեֆ Բայդենի շուրջը


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը (ձ) և սենատոր Բերնի Սանդերսը։

Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններից շուրջ յոթ ամիս առաջ Վերմոնտից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսը իր աներկբա աջակցությունն է հայտնում նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին` պնդելով, որ նա ի վիճակի է առավելության հասնել Դոնալդ Թրամփի նկատմամբ:

«Ես այսօր դիմում եմ բոլոր ամերիկացիներին, բոլոր դեմոկրատներին և անկախ հայացքներ ունեցող ամերիկացիներին, նաև բազմաթիվ հանրապետականների: Ես խնդրում եմ այդ մարդկանց` աջակցեք Ջոզեֆ Բայդենին։ Ես սատարում եմ նրա թեկնածությունը, քանի որ վստահ եմ, որ այսօր նա է ի վիճակի հաղթել մի նախագահի, որը, իմ անձնական համոզմամբ, այս երկրի նորագույն պատմության ամենավտանգավոր ղեկավարն է», - հայտարարում էր Բերնի Սանդերսը` Ջոզեֆ Բայդենի հետ հեռուստակամրջի ընթացքում:

Իր քարոզարշավը դադարեցնելու մասին վերմոնտցի սենատորը հայտարարեց նախորդ շաբաթ: Դրանից մի քանի օր անց արդեն Սանդերսը իր միանշանակ աջակցությունն է հայտնում Բայդենին` նշելով, որ նման որոշում կայացնելու վրա մեծ ազդեցություն է գործել հատկապես կորոնավիրուսի համաճարակի ընթացքում նախագահ Թրամփի ցուցաբերած պահվածքը:

«Դա այն նախագահն է, որ սկզբում, և դուք նշում էիք դրա մասին, նվազեցնում էր այն վտանգը, որ իր մեջ պարունակում է այս համաճարակը, անտեսում էր իր իսկ շրջապատից հնչող խորհուրդները: Դա մի մարդ է, որը շուտափույթ կերպով չգործարկեց «Պաշտպանական արտադրության մասին» օրենքը, ինչը հնարավորություն կտար օր առաջ սկսել դիմակների, ձեռնոցների, արհեստական շնչառության սարքերի արտադրությունը` պարագաներ, որոնց սուր կարիքն են զգում մեր բուժաշխատողները: Եվ այս ամենին գումարած, որքան ես եմ հասկանում, այսօր Թրամփը սպառնում է պաշտոնանկ անել [Համաճարակաբանության ազգային ինստիտուտի] տնօրեն Էնթոնի Ֆաուչիին, ինչը, ըստ իս, ուղղակի անհավատալի է, `- դիմելով Բայդենին` նշել է Սանդերսը:

Միացյալ Նահանգների տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգող Էնթոնի Ֆաուչիի պաշտոնանկության մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել երեկ, երբ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կիսվեց հանրապետական գործիչներից մեկի գրառմամբ, որով վերջինս կոչ էր անում Ֆաուչիին հեռացնել զբաղեցրած պաշտոնից CNN-ին տված հարցազրույցի համար: Դրանում հայտնի համաճարակաբանը կարծիք էր հայտնել, թե կորոնավիրուսից մահերի թիվը հնարավոր կլիներ կրճատել, եթե դաշնային իշխանություններն ավելի արագ գործեին:

Կորոնավիրուսի համաճարակը և դրա հետևանքով երկրում ծագած տնտեսական ճգնաժամն է պատճառը, որ Սանդերսը մի կողմ է դնում Բայդենի հետ նախկինում ունեցած բոլոր տարաձայնություններ և դիմելով նախկին փոխնախագահին՝ հայտարարում․ - «Դուք մեզ անհրաժեշտ եք Սպիտակ տանը»:

Վերջին սոցհարցումները վկայում են, որ Ջոզեֆ Բայդենի հաղթանակի շանսերը առաջիկա աշնանը իրոք բավական մեծ են: Հարվարդի համալսարանի կազմում գործող «Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի» պատվերով մարտի վերջին անցկացված հարցման համաձայն, Ջոզեֆ Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 55, իսկ Դոնալդ Թրամփի օգտին` 45 տոկոսը: Ուշագրավ է ի դեպ, որ դեմոկրատների շրջանում Բայդենի աջակցության ցուցանիշն ավելի բարձր է, քան Թրամփինը` Հանրապետական կուսակցության շարքերում:

«Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատ ընտրողների 96, իսկ Թրամփի օգտին՝ հանրապետական ընտրազանգվածի միայն 89 տոկոսը», - պնդում են Հարվարդի համալսարանի մասնագետները:

Նույնատիպ արդյունքներ են արձանագրվել նախորդ շաբաթ CNN հեռուստաընկերության կողմից հրապարակված հետազոտությունում:

Դրա համաձայն, եթե նախագահական ընտրությունները կայանային այս ամիս, ապա Ջոզեֆ Բայդենի օգտին կքվեարկեր ամերիկացի ընտրողների 53, իսկ Թրամփի օգտին` 42 տոկոսը:

Առաջիկա ամիսներին, սակայն, Ջոզեֆ Բայդենի շտաբի առջև ծառացած գլխավոր խնդիրը լինելու է Բերնի Սանդերսի առավել ակտիվ աջակիցներին` այսպես կոչված ձախ դեմոկրատների և դեմոկրատական սոցիալիզմի կողմնակիցների համակրանքը շահելը:

Բանն այն է, որ Սանդերսի` Բայդենին աջակցելու որոշումը սենատորի նույնիսկ մերձավոր շրջապատում այնքան էլ միանշանակորեն չի ընդունվել: Անցած գիշեր, օրինակ, հայտնի դարձավ, որ Բերնի Սանդերսի մամուլի խոսնակ Բրիանա Ջոյ Գրեյը հայտարարել է, թե չնայած վերմոնտցի սենատորի հանդեպ տածած իր ողջ հարգանքին, ինքը Ջոզեֆ Բայդենին սատարելու որևէ մտադրություն չունի:

XS
SM
MD
LG