Սենատոր Բերնի Սանդերսը պաշտպանել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը առաջիկա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Ամերիկացիները պետք է միավորվեն, որպեսզի թույլ չտան Դոնալդ Թրամփի վերընտրությունը», - հայտարարել է նա՝ պնդելով, թե Թրամփն ամենավտանգավոր նախագահն է Ամերիկայի նորագույն պատմության մեջ:
Բայդենը, իր հերթին, խոստացել է ականջալուր լինել Սանդերսի հետևորդներին: «Ես տեսնում և լսում եմ ձեզ», - հայտարարել է նա՝ ընդգծելով. - «Սանդերսն ամենաազդեցիկ ձայնն է առավել արդար ու ազնիվ Ամերիկայի համար շարունակվող պայքարում»:
Երբեմնի մրցակիցները համատեղ տեսաելույթ են ունեցել, որը հեռարձակվել է Բայդենի պաշտոնական կայքում:
Մինչ այդ` անցած շաբաթ, Սանդերսը դադարեցրել էր նախագահական մրցապայքարը: Թեև նա քարոզարշավը հաջողությամբ էր սկսել, սակայն ներկուսակցական վերջին ընտրություններում Բայդենը պատվիրակների թվով զգալիորեն առաջ էր անցել:
«Երկրի համար առանցքային այս փուլում ես չեմ կարող շարունակել պայքարը, որը հաղթանակի շանսեր չունի, բայց կարող է խանգարել այն ամենակարևոր գործին, որին լծված ենք բոլորս», - հայտարարել էր Վերմոնտից ընտրված 78-ամյա սենատորը: