Մատչելիության հղումներ

Առցանց համերգներ, ներկայացումներ. մշակութային կյանքը կորոնավիրուսի պայմաններում


Իտալացի երգիչ Անդրեա Բոչելին Միլանի տաճարի դատարկ դահլիճում, 12-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով գրեթե բոլոր երկրների անգամ մշակութային կյանքն է տեղափոխվել օնլայն հարթակ. առցանց թատրոններ, համերգներ ու ներկայացումներ։

Երեկ՝ Սուրբ Զատկի օրը, մարդիկ անգամ տանը նստած ուղիղ հեռարձակմամբ վայելեցին աշխարհահռչակ իտալացի երգիչ Անդրեա Բոչելիի զորեղ ձայնը՝ Միլանի տաճարի դատարկ դահլիճից։

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո սկսեցին օնլայն ներկայացումներ ու համերգներ հեռարձակվել։ Արտակարգ դրության երկրորդ օրվանից Պետական կամերային երաժշտական թատրոնը սկսեց օնլայն ռեժիմով ներկայացումներ ցուցադրել։

Թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը պատմում է՝ հենց առաջին օրը «Տերն ու ծառան» ներկայացումը մի քանի ժամվա ընթացքում դիտել էր ավելի քան 26 հազար օգտատեր։

«Մենք զարմացանք, որ ահա այսպիսի հաջողություն կարող է ունենալ օնլայն թատրոնը, որովհետև պետք է հաշվի առնենք, որ մեր թատրոնը Կամերային երաժշտական թատրոնն է, և դահլիճի նստատեղերը 185-ն են։ Սա կամերային թատրոնի ֆորմատով գործող թատրոն է, և 185 հանդիսատես ամեն ներկայացմանը մենք կարողանում ենք ընդունել: Ես միշտ ուրախ եմ, որ լեփ-լեցուն են լինում մեր դահլիճները, բայց օնլայն հարթակում տեսնել հազարավոր հանդիսատես, օգտատերեր, որոնք ջերմեռանդորեն մեզ ողջունում էին և սկսեցին նաև մեզ նամակներ ուղարկել, որ «էլի նոր ներկայացնումներ ենք ուզում նայել, սա մեզ համար հետաքրքիր ֆորմատ է», և հավատացեք՝ մենք էլ անակնկալի եկանք», - ասաց Առաքելյանը:

Օնլայն թատրոն հեշթեգի ներքո՝ մարտի 18-ից մինչ օրս առցանց ցուցադրել են 6 ներկայացում։ Առաքելյանը խոսում է այս ընթացքում գրանցած լավագույն ցուցանիշի մասին:

«Ամենամեծ հաջողությունը գրանցել է «Անուշ» ներկայացումը, որը մեկ օրվա ընթացքում ունեցել է 50 հազար դիտում, սա մեզ համար ուղղակի շատ լավ ցուցանիշ է: Կենդանի թատրոնը բոլորովին այլ էմոցիաներ ու էներգետիկա է փոխանցում բեմից, բայց այս փակված վիճակում սա իսկապես շատ լավ առիթ է, որ և՛ կապը չկորցնենք հանդիսատեսի հետ, և՛ մեր ներկայացումների համար ավելի լայն սպեկտր, լայն հանդիսատես ապահովենք», - նշեց թատրոնի տնօրենը:

Հանդիսատեսը չի կարող սպասել, ասում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը։ Այդ իսկ պատճառով այս թատրոնը ևս անցում է կատարել առցանց ներկայացումների։ Երեք շաբաթում արդեն ցուցադրել են 10 ներկայացում, ունեցել՝ ավելի քան 30 հազար դիտում:

«Փորձում ենք մեր հանդիսատեսին պահել մեզ հետ։ Այն, ինչը մտածել ենք, ավելի շատ արդյունք է տվել: Ես չէի սպասում, որովհետև հանդիսատեսը միշտ սովոր է կենդանի շփմանը, մենք գործ ունենք ներկայացումների հետ, թատրոնի հետ, և չէի մտածում, որ մենք էդ քանակի հանդիսատես կունենանք», - ասաց Շահբազյանը:

Այլընտրանք չկա, իսկ հանդիսատեսի համար էլ լավագույն տարբերակը օնլայն հարթակն է, որից օգտվում է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

«Մենք մեր ունկնդրին սիրում ենք շատ ու չենք ուզում, որպեսզի նա տխրի առանց մեզ», - ասաց նվագախմբի անդամներից մեկը։

Ֆլեյտահար Նարեկ Ավագյանի խոսքով՝ այսկերպ իրենք ևս շարունակում են զբաղվել իրենց սիրելի աշխատանքով։

«Սա ավելի շատ հոգեբանական օգնության նման մի բան է, որ ունկնդիրն ուղղակի իմանա, որ մենք նրա կողքին ենք, մենակ չենք թողել։ Նաև սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք նույնպես առանց գործ չենք սիրում տանը նստել, մեզ համար շատ կարևոր է ելույթ ունենալ բեմի վրա, նույնիսկ եթե չենք կարող բեմի վրա, ձայնագրում ենք, որ զբաղվենք մեր սիրած գործով», - ընդգծեց Ավագյանը:

Լոս Անջելեսում գտնվող անվանի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը օրերս ևս միացավ մյուս երաժիշտներին և օնլայն համերգով հանդես եկավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG