Մատչելիության հղումներ

Հակոբ Մովսես․ Գրականությունը մարդուց մարդուն ուղարկվող դրական իմպուլս է


Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն այն արվեստագետներից է, ովքեր ամեն օր աշխատում են: Նրա ամենօրյա ստեղծագործական աշխատանքի արդյունքն են մեկ տասնայկից ավելի բանաստեղծական և նույնքան էլ թարգմանական ժողովածուները, նաև գրականագիտական ու խոհափիլիսոփայական գրառումները:

Նա մեր ընթերցասեր հանրությանն է ներկայացրել գերմանական գրականության մեծագույն հեղինակներից Թոմաս Մաննի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ֆրիդրիխ Նիցշեի և այլոց ստեղծագործությունները:

Հակոբ Մովսեսը թե՛ կորոնավիրուսի այս համավարակին, թե՛ արտակարգ դրության, ինքնամեկուսացման այս օրերին առավել խոհափիլիսոփայորեն է մոտենում՝ փորձելով հասկանալ, թե բացի սանիտարահիգիենիկ կարգապահությունից ինչն է այսօր առավել անհրաժեշտ մեզ բոլորիս․ - «Մենք պետք է ոչ մենակ այս շրջանում պայքարենք դրա բժշկական երևույթների դեմ, այլ հասկանանք դրա հոգևոր իմաստը և եզրակացություններ անենք։ Առաջին հերթին՝ որ մարդ ենք, մահկանացու ենք, շատ երես չառնենք, շատ չլսկտվենք, չմեծամտանանք, չմոռանանք, որ մահկանացու ենք, և մի քամի, մի հիվանդություն կարող է գալ ու բոլորին սրբի-տանի, կամ միլիոններով սրբի-տանի։ Հիվանդությունը փիլիսոփայության թեմաներից մեկն է, և եթե փորձենք մի նախադասությամբ սահմանել, թե ինչ բան է հիվանդությունը․․․․ Հեգելն ասում է՝ առողջության մի տեսակ է, առողջության շատ կարևոր մի տեսակ։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը, և ոչ միայն մեր ժողովուրդը, մարդկությունը օգտվեր այս առողջությունից, հասկանար, որ շատ բան չի իրենից կախված, ինքը սկիզբն ու վերջը չի»։

Նա կոչ արեց չհուսահատվել․ - «Իհարկե չհուսահատվել։ Մարդը երբեք էլ չի հուսահատվում։ Ես չեմ կարծում, թե մարդը նեղության մեջ հուսահատվում է։ Մարդը հուսահատվում է լեն օրվա մեջ, երբ որ հղփանում է։ Հղփացածությունը հուսահատություն է, իսկ նեղությունը, չարիքին դիմագրավելը, նեղությանը դիմագրավելը դա հոգու կորով է, դա հուսահատություն չէ։ Մենք հուսահատվելու կարիք չունենք։ Ի՞նչ է եղել, որ հուսահատվեն։ Համաճարակ է, պետք է հասկանանք, դիմադրենք»։

Խոսելով համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում մարդկանց սոցիալական խնդիրների մասին՝ Հակոբ Մովսեսն ասաց․ - «Իսկ ո՞վ է ասել, որ մարդիկ պետք է սոցիալական խնդիրներ չունենան։ Մարդը որ սոցիալական խնդիր չի ունենում, ինքը շատ վատ բան է դառնում։ Այդ սոցիալական խնդիրները չեն ահավորը, ահավորն այն է, որ այդ սոցիալական խնդիրների ժամանակ եղբայրության, իրար օգնելու, մարդուն, հարազատիդ, մերձավորիդ, բարեկամիդ հասնելու զգացմունքը քո մեջ չմեռնի հանկարծ»։

Հարցին, թե արդյոք գրականությունը, ընդհանրապես արվեստը կարող է մարդկանց այս իրավիճակից դուրս բերել, նա արձագանքեց․ - «Ոնց որ միշտ։ Ոչ առանձնահատուկ այս օրերին, միշտ էլ պետք է այդ ֆունկցիան ունենա գրականությունը։ Գրականությունը հենց եղբայրություն է, գրականությունն ինքը մարդուց մարդուն ուղարկվող դրական իմպուլս է։ Հիմա ես «Դոն Կիխոտն» եմ վերընթերցում, և շատ նորովի է բացվում, ժամանակը շատ նորովի եմ բացում, հիվանդության հանդեպ իմ վերաբերմունքը շատ ուրիշ կերպ է մտածվում։ Գրականությունը միշտ մեծ ուժ է, եթե որպես գրականություն է գրվում և որպես այդպիսին է ընկալվում, ոչ թե որպես մտքի խաղ»։

Զրույցի վերջում Հակոբ Մովսեսն ասաց․ - «Մարդուն ամենաշատը պետք է, որ ինքը մարդ մնա։ Որ ինքը աղքատ վիճակում մարդ մնա, հարուստ վիճակում մարդ մնա, գրող վիճակում մարդ մնա, ընթերցող վիճակում մարդ մնա․․․ այսինքն՝ մարդ վիճակն է, որ արարչագործության պսակն է։ Մնացած ամեն ինչը սոցիալական դրսևորում է, ուրիշ ոչինչ։ Մենք որ մեռնենք, մեզ Ահեղ դատաստանին չեն հարցնելու ինչ ենք գրել, ինչ ենք կերել, ինչքան փող ենք ունեցել։ Մեզ հարցնելու են ո՞վ ենք, որպես մարդ մեզնից ի՞նչ ենք ներկայացնում։ Եվ այդ հարցին պատասխանել է պետք»։

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG