Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին:
ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը: