Մատչելիության հղումներ

Դիմակին ու պարետին անսովոր. պատմություններ կորոնավիրուսի զրկանքների մասին


Ջանո Մոսինյանը

«Է՜, հլա էսօր էլ տենանք` ինչ ա կատարվում, բալի էս անտեր վիրուսը կորչի, այ տա կերավ մեզ, մեզ կերավ, գործից կտրում է»

Սանահնեցի 80-ամյա Ջանո Մոսինյանի օրն սկսվում է պարետին ուղղված մի երկար նամակով։ «Ես՝ Ջանո Մոսինյանս, գնում եմ...»:

Ասում է՝ օրվա ընթացքում իր տեղաշարժի ամբողջ պատմությունը օրենքի մարդկանց հատ առ հատ ներկայացնելու համար ամեն ինչ մանրամասն է գրում։ Նախ սնունդ կառնի` «կար-տոշ-կա»: Հետո կմտնի դեղատուն։ Վիրուսից պաշտպանվելու միջոցները չի մոռանում, բայց դրանց գրական անուններն է միշտ մտահան անում։ Սովոր չէ.- «Ի՞նչ էր էս ցավի անունը, նամոռդնիկ չի՞, գրեմ, հա կամ երես փակելու պաշտպան առնելու»:

Ջանո պապը կյանքո՞ւմ է դիմակ կրել։ Էդ էր պակաս, ասում է, անտառի մեջ մեծացած մարդը բերանը փակ ման գար։ Բայց պարտադրել են, ինքն էլ օրենքին հետևող մարդ է։ Պարետին ուղղված նամակը կավարտի, բերանը կփակի ու քաղաք դուրս կգա.- «10-ին գնում եմ, 2 ժամով, հերիք ա ինձ, առևտուրը կանեմ, կգամ»:

Բայց ասում է՝ արտակարգ դրություն սահմանելուց հետո քաղաք գնալու օրերը կրճատել է. հանկարծ իր անարատ գյուղ չոռուցավ չընկնի.- «Ամեն օր հո չես գնում, ամեն օր չի, մի օր գնում ես, մի 3 օր չես գնում, հացը չորանում ա, կեսը ես եմ ուտում, կեսը` մուկը, ապրըմ ենք էլի ամենքս մեզ հմար, նա էլ ապրել ա ուզըմ, նա էլ իրա փայն ա ուզըմ, ոչինչ»:

Նկուղում դեռ անցած տարվանից իր ձեռքով քաշած խնձորի արաղ ունի։ 70 տոկոսանոց է։ Ի՞նչ իմանար, որ մի քանի ամիս անց ոչ թե խմելու էր, այլ ձեռքերը լվանար դրանով.- «Վախում եմ միլիցիքեյը բռնեն ինձ, գայի աշխատողը, ասի` էս ինչ արաղի հոտ է գալիս վրիցդ, բայց հմի, որ տանեն էնտեղ ստուգման, կտենան չէ՞, որ ստամոքսս դատարկ է, բա էտ էլ կա է»:

Հարևանին սոցիալական հեռավորությունից է ծանուցում քաղաք գնալու մասին.- «Ի՜նչ բերեմ, այ տղա»։ Պարետի հանձնարարությունն ավարտած համարելով` միացնում է 40 տարվա «Ժիգուլու» շարժիչը, գրպանում պահած դիմակով փակում բերանն ու քաղաք գնում՝ տեղաշարժի թերթիկում գրած ժամից չուշանալու ու վախտին ետ գալու համար։

«Գնամ գոնե կլուբնիկս էլ ա բեջարեմ, էտա կորոնան եկավ, ոչ կարում ենք գործ անենք, ոչ հանդ ու չոլ»

Մի քիչ հեռու՝ Ակներում, Լյուդան է։ Ամեն տարի այս սեզոնին լուսաբացին էլ էր անտառում լինում, մայրամուտին էլ։ Ծնեբեկ, սինդրիկ, բանջար, փիփերթ ու սունկ էր բերում։ Իր մշտական առնողներն ուներ։ Ասում է՝ անտառի հաշվին ամսական 150 հազար դրամի վարկ է վճարել։ Բայց հիմա կարանտինի մեջ է. ցանկապատից դենը չի գնում.- «Ափսոս էլ ա, էտ սինդրիկ ա, սոկոն ա, էտ էլածը վերա գնում անտառում, չես կարում գնաս ո՛չ քաղես, ո՛չ ծախես, ի՞նչ անենք: Եթե սուտ չասեմ, մի միլիոնի վնաս եմ կրում»:

Առանց ավտոբուսի սպառողին հասնելու խնդիրը` մի կողմից, քաղաք գնալիս պարետի ցուցումներին հետևելը` մյուս կողմից, Լյուդային մտքերի մեջ է գցել ու անտառից հեռացրել.- «Հա, գնամ, անտառից բերեմ, կարամ բերեմ, ինձ արգելող չկա, բա որտե՞ղ տանեմ, ծախեմ, ժողովուրդը սաղ տուն ընկած, ոչ մեկը չի առնում, ոչ մեկը դուրս չի գալիս: Ես էլ վատ կզգամ, որ գնամ, իրենց ասեմ` ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում, ո՞ւմ դուռը գնամ, թակեմ, ասեմ` բան եմ բերել ծախելու: Անհարմար էլ ես զգում: Հետո էլ քաղաք ես դուրս գալիս, պետք ա թուղթ լրացնես, լրացրի, ի՞նչ լրացնեմ, ասե՞մ` գնացել եմ սինդրիկի՞, սինդրիկն էլ տանում եմ էս ինչ մարդու տո՞ւն: Անհարմար էլ ես զգում, ի՞նչ թուղթ լրացնես, սինդրիկի եմ գնացել, տանում եմ մեկի վրա ծախելու»:

Տղան դեռ սահմանափակումներից առաջ Ռուսաստան խոպան է գնացել։ Բայց նա էլ հիմա ուրիշի հողում է անաշխատանք կարանտինի մեջ։ Նրանից էլ արդեն հույս չկա, թե փող կուղարկի.- «Տո բանն էտ չի է, հարևանն էլ հարևանից ընկավ, բարեկամն էլ բարեկամից ընկավ, ամեն ռավոդ կոֆեի ջազվեն ձեռներից գնայինք հարևանի տուն կոֆե խմելու կամ ձեն էի տալի` Լուսո, կոֆե ե՞ս խմել, արի, խմենք: Հմի ձեն եմ տալիս` Լուսո, կոֆե ե՞ս խմել, ասում ա` հա, ասում եմ` ես էլ եմ խմել: Միակ լավ բանն էնա, որ տուն ընկած մենակ մաքրություն ենք անում»:

Հարևաններով օրը մի քանի անգամ իրար ձեն են տալիս, հուսադրում, որ ամեն ինչ լավ է լինելու, ու ամենքն իր տուն մտնում, ծայրահեղ դեպքում, տնամերձում հող փորում։ Անտառին սովոր Լյուդան ելակի թփերն է փխրեցնում, գոնե դրանից եկամուտ լինի.- «Կորոնան սաղին վխացրուց, էլ բարև-բարլուս տալ էլ չկա»:

Արթուրը պարետից նեղսրտած է

Ադրբեջանի հետ սահմանի բերանին՝ Ոսկևանում, Արթուր Եղիազարյանն էլ էր տեղաշարժի թերթիկ լրացրել։ Մանրամասն՝ ըստ պահանջի նշել էր տնից դուրս գալու նպատակը.- «Գերեզմաններ, հուղարկավորման վայր»:

Օրենքը լիարժեք պահում է, բայց պարետից նեղացած է` անելու բան չէր. ուտող-խմող հոր քառասունքը տուն-տնովի են արել՝ առանց հյուրերի.- «Հորս քառսունքով 3 հոգով գնացինք, մարդ չկար էլի: Իմ հերն ուտող-խմող տղա էր»:

Ասում է՝ արդեն 30 տարի հակառակորդի հետ կռիվ տված սահմանապահ գյուղում հիմա էլ անտեսանելի թշնամու՝ վիրուսի դեմ են պայքարի դուրս եկել։ Բայց համոզված է՝ այս դեպքում ևս հաղթած են դուրս գալու. հաղթանակ տեսած ժողովուրդ են։

XS
SM
MD
LG