Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը խնամիներին էլ իրարից հեռացրեց


Ալավերդցի Միշան ու Դիմոն սուրճ խմելու համար իրար տուն արդեն չեն գնում։ Կանայք չեն թողնում։

Դիմոն դժգոհ էր, թե՝ կինը մի լաթի կտոր ձեռքին ամբողջ օրը իր ետևից դռների բռնակներն է ախտահանում։ Ստիպված խնամիներով եկել էին Դիմոյի այգի, չորացած խոտն այրել ու կրակի վրա եփած սուրճ էին վայելում՝ դժգոհելով, թե կորոնավիրուսը խնամիներին էլ իրարից հեռացրեց։

«Ասում ա, կարող ա ընդի վարակվես», - բողոքում է Դիմոն։

«Ճիշտ են ասում», - արձագանքում է Միշոն։ - «Վտանգավոր ա։ Դե տներիցը գանյատ են անում, գալիս ենք նստում խնամուս հետ։ Ճիշտ ա, տանը կնանիքը հետո միսներս ուտում են, բայց մեր հաճույքը ստի ա»։

Մինչ սուրճը կեփեր, տիկնանց նախատինքից փախած խնամիները ծանրութեթև էին անում վիրուսի մասին լրատվականներից լսած լուրերը։

Թեև նախապես մտադիր էին հետևել երկու հոգուց ավելի չհավաքվելու պարետի ցուցումներին, բայց Ալավերդիում առանց անցորդին հրավիրելու խմածը կուլ չի գնում․ - «Կորոնա-մոնորա չկա, Վարդան ջան, արի կոֆե ենք խմում»։

Բայց Վարդանը հրաժարվեց սուրճից ու հանդիմանեց տարեց հարևաններին՝ տնից դուրս գալու համար։

Վիրուսից զգուշացող հարևանին ճանապարհեցին ու շարունակեցին իրենց անհոգ զրույցը՝ չմոռանալով սպիրտի գործած հրաշքների մասին․ - «Օղին համ ներսից, համ էլ ձեռքերի ողողում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG