Մատչելիության հղումներ

Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է


Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Այսօր շատ գեղեցիկ օր է, և թույլ տվեք մեր բոլոր կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին նախ շնորհավորել Մայրության և գեղեցկության օրվա առիթով և մաղթել, որ այնուամենայնիվ այս տարին և այս գարունը մեր բոլորի հիշողությունների մեջ մնա ավելի շատ դրականով, քան բացասականով», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ շարունակելով. - «Իհարկե, հասկանալի է, որ այսօր ավելի շատ կենտրոնացած ենք և զբաղված ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց երբեք չենք մոռանում մեր մայրերի, կանանց, քույրերի, դուստրերի մասին»:

«Կրկին շնորհավորում եմ և մաղթում եմ երջանկություն՝ ամենակարևորը, մաղթում եմ, որ մեր բոլորի ընտանիքները լինեն երջանիկ, առողջ, բարեկեցիկ, և համոզված եմ, որ համատեղ աշխատանքով մենք կհասնենք այդ ամենին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի կանայք, այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով եմ շնորհավորում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ», - ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։

Երախտագիտությունս նաև բոլոր այն կանանց՝ ոստիկան թե զինվորական, փրկարար թե ծառայող, ովքեր աշխատանքի, մասնագիտության բերումով և հոգու կանչով այս օրերին վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը բոլորիս համար, այն կանանց, ում ամուսիններն այս օրերին հիվանդանոցներից, ծառայությունից ու աշխատավայրից գրեթե տուն չեն գալիս՝ իրենց պարտքը կատարելով», - իր ուղերձում գրում է Հայաստանի նախագահը:

«Հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ, հավատալով, որ ցանկացած դժվարություն անցողիկ է», - շեշտում է Արմեն Սարգսյանը:

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մասնավորապես ասված է. - «Սիրելի մայրեր ու դուստրեր, ներկայիս դժվարին և բարդ պայմաններում, երբ աշխարհը դիմագրավում է համավարակի փորձությանը, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Մարդկության և մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի և առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա»։

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանն իր ուղերձում մասնավորապես գրել է. - «Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թև ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին, իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու աղջիկներ, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG