Արտակարգ դրության այս օրերին, երբ փակ են մշակութային բոլոր հաստատությունները, պետական աջակցությամբ տարբեր ծրագրեր են մշակվում և իրագործվում էլեկտրոնային հարթակներում, որտեղ ներկայացվում են համերգներ, ներկայացումներ , թանգարանային ցուցադրություններ:
Կառավարության կայքէջում շաբաթական երկու օր ուղիղ եթերում մեր անվանի մենակատարները ելույթ կունենան՝ տնից ներկայացնելով իրենց լավագույն
ձեռքբերումները:
«Ազատության» մեր զրույցում Կրթության, գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Արա
Խզմալյանը շեշտում էր, որ առջիկայւմ դեռ բազմաթիվ նոր ծրագրեր կիրագործվեն. - «Ճգնաժամային մենեջմենթի պայմաններում, կարծում եմ, կարողանում ենք պատվով դուրս գալ մարտահրավերներից, որովհետև արդեն իսկ մի քանի նախագծեր մենք իրականացնում ենք։ Նկատի ունեմ և՛ «Մշակութային կորոնադադարը», և՛ Ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության հետ իրականացվելիք մեր նախագծերը։ Արդեն երեկվանից մեկնարկեց Համազգային թատրոնի հետ մի նախագիծ, շուտով մենք կհեռարձակենք նաև «Քո սերնդակիցը» նախագիծը»։
Անդրադառնալով այսօր տեղի ունենալիք Տիգրան Համասյանի համերգին՝ Խզմալյանն ասաց․ - «Ես կարծում եմ, որ նման ելույթները լավ առիթ են, որ մենք մշակենք այնպիսի ձևաչափեր, մշակութային արդյունքի հասանելիության այնպիսի մեխանիզմներ, որոնք ավելի կմեղմացնեն տարածական, ժամանակային հեռավորության հանգամանքը մշակույթի հասանելության մեջ»։
Փոխնախարարը շեշտեց, որ այսօրվա պայմաններում մեծ ուշադրություն է հատկացվում նաև այն արվեստագետներին, որոնք ներգրավված չեն պետական կառույցներում․ - «Պետությունը չի հրաժարվում իր սոցիալական պարտավորությունից և պատասխանատվությունից և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս մեղմացվեն սոցիալական դժվարությունները։ Մի քանի օր առաջ հանդիպել եմ բոլոր հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, խնդրել եմ, որ անպայման ուսումնասիրեն ոլորտը և մեզ տրամադրեն բոլոր այն խմբերի կազմը, պատկերը, որոնք ամենից ավելի են գտնվում ռիսկային գոտում։ Դրանք միայնակ արվեստագետներն են, անժառանգ արվեստագետները, արվեստագետներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, իսկ դրանք այն մարդիկ են, ովքեր սեփական ստեղծագործությունից բացի եկամուտի այլ աղբյուր չունեն։ Եվ մենք հիմա այդ տեղեկատվության հավաքագրումն ենք անում։ Բացի, բնականաբար, ֆինանսական և այլ աջակցությունից, վստահ ենք, որ այլ աջակցության կարիք ևս կլինի։ Վստահ եմ, որ կլինեն արվեստագետներ, ովքեր շարժունակության խնդիր ունեն, ովքեր տնից դուրս գալու և կենսական անհրաժեշտության միջոցառումներ իրականացնելու խնդիր կունենան։ Եվ մենք պետք է և՛ մեր կամավորական խմբերով, և՛ հատուկ սոցիալական ծրագրերով, և՛ մեր դրամաշնորհների շրջանակում կարողանանք աջակցել։ Ես հեռախոսային կապի մեջ եմ մեր ավագ սերնդի արվեստագետների հետ՝ ենթադրելով հավանական դժվարությունները։ Այնպես որ, կարծում եմ, մեր ձեռքը զարկերակի վրա է»։