Մատչելիության հղումներ

2019-ին մոտ մեկ երրորդով ավելացել է կոռուպցիոն գործերով քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. Դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում

2019 թվականի ընթացքում Հայաստանի նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1264 անձ՝ 2018-ի (960 անձ) համեմատ 31.6 տոկոսով ավելի: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն՝ վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձանց նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29 տոկոսի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71 տոկոսի դեպքում՝ ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018-ի համեմատ ավելացել է 13.2 տոկոսով: Դատախազությունն ընդգծում է, որ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով:

2019-ին քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018-ի համեմատ (819) 31 տոկոսով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին:

«Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6 տոկոսի նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12 տոկոսի նկատմամբ», - նշված է հաղորդագրությունում:

2019 թվականի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018-ի համեմատ ավելի է 60-ով կամ 12,8 տոկոսով:

Քրեական հետապնդման են ենթարկվել, մասնավորապես, Հայաստանի երկու պաշտոնաթող նախագահ, երեք փոխնախարար, Պետական վերահսկողական ծառայության պետը, ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավոր, մեկական դատախազ, Ռազմական ոստիկանության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ, Ոստիկանության նախկին պետ, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, նախկին մարզպետ, ինչպես նաև Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Պետեկամուտների կոմիտեի, Պետական վերահսկողական ծառայության, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, Զինված ուժերի, առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, պետգույքի կառավարման, էներգետիկայի և շրջկա միջավայրի պաշտպանության ու այլ ոլորտների հարյուրավոր պաշտոնյաներ և աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG