Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանողներ, որոնք այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ, այս մասին նշված է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:
«Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան: Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը»,- փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:
Ըստ նրա` դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:
«Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ և պարետատունն ամբողջովին տիրապետում են ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա և գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների հասցեագրած ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված և ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ: