Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցավ 53 հազարից, մոտ 213 հազար մարդ ապաքինվել է


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածների դաշտային հոսպիտալ Նյու Յորքում, մարտ, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը, ավելի քան 53 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, մոտ 213 հազարը բուժվել է հիվանդությունից:

Զոհերի ամենամեծ թիվն Իտալիայում է՝ այն մոտենում է 14 հազարին, ապա՝ Իսպանիայում՝ մոտ 10,5 հազար, երրորդ տեղում Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 6 հազար: Աշխարհի ամենահարուստ երկիրն անգամ նման զարգացման պատրաստ չէր՝ Նյու Յորքի հիվանդանոցներում իրավիճակը շատ ծանր է: Կարանտինի պայմաններում ավելի քան 6 միլիոն ամերիկացիներ են դիմել գործազրկության նպաստ ստանալու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նորից դիմեց ռուսաստանցիներին հեռուստատեսությամբ և երկարացրեց նախորդ շաբաթ հայտարարված «ոչ աշխատանքային շաբաթը» մինչև ապրիլի վերջ՝ աշխատավարձի պահպանմամբ: Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է Covid-19-ի 771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 3 հազար 548 է, 30 մարդ մահացել է: Պերմում զոհերից մեկը 36-ամյա լրագրող է: Ավելի վաղ տեղական իշխանությունները պնդում էին, թե նրա կորոնավիրուսի թեստը բացասական է:

Ուկրաինայի իշխանությունները խստացնում են կարանտինային պայմանները, Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում փակվել է 20-հազարանոց բնակչությամբ միկրոշրջանի մուտքը, իսկ Ուզբեկստանում կարանտին է հայտարարվել 65-ից բարձր տարիքի մարդկանց համար՝ այս երկրում հայտնաբերված մոտ 200 հիվանդ կա:

XS
SM
MD
LG