Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ապրիլյան քննիչ հանձնաժողովից թաքցնելու բան չունի, պնդում է Շարմազանովը


Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Երևան, 24-ը դեկտեմբերի, 2019թ.
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Երևան, 24-ը դեկտեմբերի, 2019թ.

Սերժ Սարգսյանն ապրիլյան քննիչ հանձնաժողովից թաքցնելու որևէ բան չունի, այսօր ի պատասխան «Ազատության» հարցին, թե պատրաստվո՞ւմ է երրորդ նախագահը ներկայանալ Ազգային ժողով և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված և առհասարակ այն խնդիրների, որոնք կապված են ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ, որևէ թաքցնելու բան չունի: Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և հայ ժողովուրդը հաղթել են ապրիլյան պատերազմում: Որևէ թաքցնելու բան չունի, որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի սպասումներին, կարծում եմ՝ Անդրանիկ Քոչարյանը և այդ հանձնաժողովի անդամներն ավելի արդար կլինեին, որ լսեին ընդդիմության և մասնավորապես իմ և իմ գործընկերների կոչորը և հրավիրեին պարոն Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով՝ լսելու, թե որտեղից նրան տեղեկությունը, երբ նա նշում էր, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ է Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ: Մի հատ հլը կանչեն, ասեն՝ ախպեր ջան, այդ կարևոր ինֆորմացիան քեզ որտեղի՞ց, և եթե Նիկոլ Փաշինյանն այսօր մնում է այդ կարծիքին, արդյո՞ք երբ որ վերջերս Սանկտ Պետերբուրգում էր և հանդիպում էր նաև Ռուսաստանի նախագահին, այնտեղ ինքն ասե՞լ է, որ կարծում է, որ դա պայմանորված է, թե՞ էլի իրողություն է փոխվել պարոն վարչապետի մոտ», - ասաց նա:

Ապրիլյան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր՝ հանձնաժողովում պարտադիր լսելու են նաև երրորդ նախագահին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լսելու Շարմազանովի առաջարկը Քոչարյանն այսօր մեկնաբանել չցանկացավ:

Շարմազանովը, հղում անելով նախաքննական գաղտնիքին, հրաժարվեց հստակեցնել՝ առերեսվել են արդյոք երրորդ նախագահ, շուրջ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու գործով մեղադրյալ ներգրավված Սերժ Սարգսյանը և նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ըստ մամուլի, գործով մեղադրյալ Սարգսյանն առերեսման ընթացքում հայհոյել է Կարապետյանին ու հարցրել՝ եթե հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել:

«Սերժ Սարգսյանն այդ մեղադրանքը չի ընդունում, և մենք ասել ենք մեր կուսակցության հայտարարությամբ, որ դա շինծու քաղաքական մեղադրանք է», - նկատեց նա:

Շարմազանովը խոսեց նաև 2020 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Հիմնավորումն այն էր, որ ընդդիմությունը քիչ թվով է ներկայացված խորհրդարանում, և «Իմ քայլի» 88 հոգանոց միայնակ էլ կարող է անցկացնել ցանկացած sահմանադրական օրենք, որի համար անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն:

Դիտարկմանը, թե դա հենց Ձեր իշխանության օրոք գրված Սահմանադրությամբ է ամրագրված, Շարմազանովն արձագանքում է, որ խնդիրը ոչ թե Սահմանադրության, այլ «Իմ քայլի» ստացած 70 տոկոս քվեի մեջ է. - «Մեզ անհրաժեշտ է 2020 թվականին արտահերթ ընտրություններ, որ կլինեն գաղափարական: Արտահերթ նրա համար չեմ ասում, որ Հանրապետականը վերադառնա իշխանության, ոչ, արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի մեր պառլամենտը դեֆորմացված չլինի, որ մեր պառլամենտում ընդդիմությունը կարողանա հավասարակշռել իշխանությանը, այդ 3/5-րդի շեմն աշխատի, այսօր չի աշխատում»:

ՀՀԿ խոսնակը մտահոգություն ուներ նաև Ղարաբաղի բանակցային գործընթացի առնչությամբ՝ պնդելով, որ այնտեղ որևէ առաջընթաց չկա. - «Մտահոգություններն այն հայտարարություններն են, որոնք արվել են Հայաստանի իշխանության կողմից: Երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է վերջ», նա թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցություններում, և մենք կորցրինք Փաշինյանի այդ հայտարարությունների արդյունքում մեր գլխավոր ջոկերը, մեր գլխավոր զենքերից մեկը՝ կառուցողականությունը, կոնստրուկտիվիզմը», - հավելեց նա:

XS
SM
MD
LG